Աֆղանստանցին փորձում է 590 դոլարով վաճառել 4-ամյա դստերը՝ բազմանդամ ընտանիքին սովից փրկելու համար. Times
Աֆղանստանի բնակիչ Միր Նազիրը պատմել է, որ ստիպված է 4 տարեկան երեխային վաճառել 590 դոլարով, որպեսզի յոթ հոգանոց ընտանիքը փրկի սովից: Այս մասին նա ասել է Times-ին:
Հայրը պատմել է, որ խանութի՝ անզավակ սեփականատերը մոտ 236 դոլար է առաջարկել, որպեսզի իր դուստր Սաֆիան ապրի գործարարի հետ և աշխատի նրա խանութում, բայց Նազիրը չի կարող երեխային տալ այդքան ցածր գնով և խնդրել է 590 դոլար:
Տղամարդը խոստովանել է, որ ստիպված է դա անել հանուն ընտանիքի:
«Ես կնախընտրեի մահանալ, քան աղջկաս վաճառել, բայց իմ սեփական մահը ոչ ոքի չի փրկի իմ ընտանիքում: Ո՞վ է կերակրելու իմ մյուս երեխաներին: Մի՛ կարծեք, որ ես չեմ սիրում երեխային, որին բերել եմ աշխարհ և այդ ժամանակվանից սիրել եմ նրան, մի՛ կարծեք, որ ես չեմ վրդովվում աղջկաս վաճառելու մտքից, ես պարզապես չեմ կարողանում տեսնել, թե ուրիշ է հնարավոր անել:
Դա ընտրության խնդիր չէ: Ամեն ինչ հուսահատության մասին է», - ասել է նա:
Հայրը պատմել է, որ ինքը նախկինում ոստիկան էր Ղազնի քաղաքում, սակայն կորցրել է աշխատանքը և կնոջ ու երեխաների հետ փախել Քաբուլ`«Թալիբան»-ի՝ մայրաքաղաք ժամանելուց մի քանի օր առաջ:
«Մենք դեռ քննարկում ենք: Եթե նա աշխատի խանութում, ապա գուցե նրա ապագան ավելի լավը լինի, քան ինձ մոտ մնալու դեպքում, իսկ այդ գումարը կփրկի իմ ընտանիքը», - հավելել է տղամարդը: