Նամակ Երեւանից. Վաղը կբացվի նոր օրը ու ես կլինեմ
- Չէ՛, չէ՛։ Նկարագրի՛ ինձ Երևանն իր շնչով, տրամադրությամբ, մարդկանցով, ոչ թե քո ալգորիթմներով։
- Տո՛ւր ձեռքդ և խոստացի՛ր համբերատար լինել։
*******************
Լույսը նոր է բացվում քաղաքի վրա։ Վարորդն օդանավակայանից քեզ կհասցնի կենտրոն։ Մեքենայի պատուհանից կտեսնես կահույքի սրահների անվերջ թվացող շարքը։ Համաձայն եմ՝ քաղաքի մուտքի համար անմխիթար տեսարան է։
Մեքենան կանցնի Իսակովի պողոտայով։ Դիմացի բլրին կնշմարվեն ծածանվող եռագույնները։ Դրանց կողքով անցնելիս վարորդը խուլ հոգոց կհանի։ Թե մտքովդ կանցնի հարցեր տալ նրան, մի փոքր համբերի։ Ոչ հիմա։ Կխնդրես, որ վարորդը քեզ իջեցնի Բաղրամյան պողոտայում։
Ժամը 07։30 է։ Շենքերի վրա կխաղան արևի առաջին շողերը։ Դեղնակարմիր տերևները թեթև խշշոցով կշարժվեն առավոտյան քամուց։ Վեր ու վար կանեն առաջին մեքենաները՝ շտապելով տեղ գտնել կայանման կարմիր գծերի վրա։ Կփաթաթվես տաք վերարկուիդ մեջ ու առանց շտապելու կքայլես դեպի Օպերա։ Ականջակալներ դնելու կարիք չի լինի․ վաղ առավոտյան ես դեռ խաղաղ եմ, բայց դա, սիրելիս, կարճ է տևում։
Ազգային ժողովի կողքով անցնելիս կհանդիպես գիշերվա հերթափոխը դեռ չավարտած ոստիկաններին։ Նրանք հոգնած են, մի քիչ քաղցած ու տաք անկողնուն կարոտած։
Դանդաղ կանցնես Բաղրամյան 7-ի սպիտակ շենքի կողքով։ Շենքի ֆասադին նայելիս փոքր-ինչ կցրվես քիչ առաջ հանդիպած խոժոռ ոստիկանների տեսարանից։ Չեխովի դպրոցի մոտ կնկատես փայլուն համարներով մեքենաների կուտակում։ Առավոտյան ժամերին այդ հատվածում իսկական իրարանցում է, սովորողները՝ շատ։ Մինչդեռ Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի սահմանային որևէ գյուղում այդ օրը, ծանր պայուսակը ուսին գցած, մի քանի կիլոմետր ոտքով ճանապարհ կկտրի միակ առաջին դասարանցին։ Ինչևէ, շարժվենք առաջ։
Բաղրամյանի սկզբանամասում մտիր «Օպերա» խանութը։ Այն թեև շատ փոքրիկ է, բայց վաճառողուհու ժպիտը միշտ լայն է՝ անկախ եղանակից ու օրվա ժամից։ Գնիր քո սիրած ծխախոտը ու մանրադրամը ետ մի վերցրու։ Քեզ մի փոքր տեսած պահիր։
Մի քանի քայլ ներքև առաջացիր և կգտնես սուրճի փոքրիկ կանգառը։ Մեղրագույն նշաձև աչքերով Արամը տաք թեյ կպատրաստի քեզ համար։ Եթե հանկարծ Արամին չտեսնես, հարցրու այդ օրվա աշխատողին, թե ուր է վերջերս կորել նա, չի երևում։ Չմոռանա՛ս, կհարցնե՛ս։
Բրյուսովի համալսարանի դիմաց կտեսնես առաջին ուսանողներին։ Չզարմանաս, նրանք մեծ մասամբ աղջիկներ են ու բոլորը միմյանց շատ նման։ Գիտեմ, գիտեմ՝ նույն ջինսե տաբատը, նույն բոթասները, նույն այտոսկրերն ու հեռախոսները։ Դե հիմա, խիստ մի՛ դատիր։ Ժամանակին այդպես չէր ու ժամանակին այնտեղ կհանդիպեիր նաև տղաների, որ գալիս էին ոչ թե մայթին շարվելու, այլ օտար լեզու սովորելու համար։
Թումանյան փողոցով քայլելիս փորձիր շատ չնայել այս ու այն կողմ։ Ու մի հարցրու, թե ինչ է նշանակում «Իջավ 19 000 դրամ», «Անթերիս» կամ «Ֆիլտրը դարձնենք իրականություն» գրությամբ պաստառները։ Մի քանի օր քայլիր փողոցներով, ինքդ կառերեսվես ու կհասկանաս։
Ի դեպ՝ փողոցների մասին։ Արդեն նկատեցի՞ր, որ իմ փողոցներն առավոտյան մաքրողները, կանաչը խնամողները հիմնականում տարեցներ են։ Այդ փաստն ինձ տխրեցնում է, հատկապես երբ վերջերս նկատեցի Լուսյա տատիկի կորացած մեջքն ավել անելիս։ Ես կուզեի իմ տարեցներին ավելի անհոգ տեսնել՝ գեղեցիկ հագնված, այգում նստած կամ թոռնիկի հետ խաղալիս։
Փորձիր զբոսնել նաև երեկոյան, ու պատկերը գուցե այլ թվա։
Աբովյան–Պուշկին խաչմերուկում մի քանի գիշերային ակումբներ մտիր։ Նեոնային լույսերը, պրոսեկոները, փայլփլուն հագուստով ջահելները և երաժշտական աշխույժ ռիթմերը կօգնեն ցրվել։ Համաձայն եմ՝ սա ուրիշ քաղաք է։ Գուցե տեղ-տեղ շատ արհեստական, կամ իրական, տեղ-տեղ անխնա կոպիտ, բայց շատ խոցելի։
Ներքևում՝ ակումբի մուտքի մոտ գրպաններդ թեթև կստուգեն՝ համոզվելու, թե իբր արգելված նյութերը չունես, բայց հավատա` դա քեզ չի փրկի, երբ քեֆը լավ մեկը որոշի երեկոյի ամենաթեժ պահին հինգ զրոներ արժեցող գինու շիշ կոտրել գլխիդ՝ իրեն կամ ընկերուհուն իբրև թարս նայելու համար։ Նախապես հայցում եմ ներողամտությունդ... Մերոնք անիմաստ տաքարյուն են, հատկապես ժամանցի վայրերում։
Երբ զգաս, որ իսկապես պարել ես ուզում ու հոգնեցիր «Մադամ Տյուսո»-ի մոմե արձանները հիշեցնող դեմքերից, գնա Club 11։ Ճարտարապետների միության շենքի նկուղային տարածքում տեղակայված ակումբում քեզ ջերմ կդիմավորի 90-ականններին հայտնի «Ոսկե աշուն» փառատոնի ոճը լավագույնս մարմնավորող ակումբի մենեջերը՝ բարձրահասակ, բարի աչքերով կինը, ով լայն ժպտալով կասի «համեցեեե~ք»։ Մի քանի վայրկյան անց քեզ կհայտնաբերես պարահրապարակում անկաշկանդ պարելիս:
Արդեն ուշ է, դուրս արի։ Նստիր Սիրահարների այգու նստարանին։ Կեսգիշերից բավական անցել է։
Տաքսի կանչիր։ GG-ի երիտասարդ վարորդը քեզ ապահով տեղ կհասցնի, որից հետո կզանգի հեռախոսի այն կողմում անհամբեր սպասող ընկերուհուն։ Կհպվես մեքենայի ապակուն՝ հոգնած աչքերով ու դեռ քրտնած ճակատով։ Գիշերային քաղաքի լույսերը դանդաղ կմարեն։ Կփակես աչքերդ։ Մի պահ կհիշես առավոտվա տեսարանը, բլրի դրոշները ծածանվելիս։ Կոկորդումդ խեղդող ցավ կզգաս... Մի մտածի՛ր, խնդրում եմ, գոնե, առայժմ, մի մտածիր այդ մասին։
Վաղը կբացվի նոր օրը ու ես կլինեմ։ Մենք նորից կզբոսնենք մեկ շաբաթ անց։ Ու այո, խոստանում եմ, որ մենք երկար կզրուցենք։
Քո Երևան
23.11.2024