Մեր միջև աշխատանքային, գործընկերային հարաբերություններ են. Հ. Սահակյանը՝ իր և Արտեմ Ասատրյանի միջև լարվածության վերաբերյալ լուրի մասին
Հերթականն է այն հրապարակումների շարքից, որոնք մամուլը հետաքրքրական են դարձնում. այսօր իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով իր և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի լարված հարաբերությունների մասին մամուլի հրապարակումներին:
Պաշտոնյան շեշտեց, որ իր և Արտեմ Ասատրյանի միջև աշխատանքային, գործընկերային հարաբերություններ են:
«Մենք շատ կոնստրուկտիվ աշխատանք ենք իրականացնում, իսկ այդ հրապարակումները միգուցե ուղղված են նրան, որ որոշակի խնդիրներ առաջացնեն այն գործընթացում, որը սկսել ենք, ներկայացրել ենք ու տանում ենք առաջ»,- նշեց նա:
Դիտարկմանը, որ մամուլում նշված է, որ լարված հարաբերությունների պատճառով նա կառույցում ազատվում է հին կադրերից, Սահակյան արձագանքեց. «Կադրերից ազատվելու առումով, եթե մարդն ի վիճակի չէ իրականացնել անհրաժեշտ սկզբունքները, որ մենք դնում ենք՝ անկեղծություն, հոգատարություն աշխատանքի ու սպառողների նկատմամբ, անկախ նրանից՝ ով է, ինչ է, զգալու է, որ մեր թիմի մեջ տեղ չունի ու սեփական դիմումի համաձայն հեռացվելու է։ Այստեղ սրա կադր, նրա կադր ասվածը տեղ չունի»,-եզրափակեց Հովհաննես Սահակյանը:
