Անգրագետ և անհեթեթ. Է. Շարմազանովը՝ ռուսաստանյան հեռուստաալիքի՝ ՀՀԿ - ֆաշիզմ զուգահեռներ անցկացնող ռեպորտաժի մասին
Երեկ ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը ռեպորտաժով անդրադարձ էր կատարել ՀՀ ազգային հերոս Գարեգին Նժդեհին և Հայաստանի Հանրապետական կուսակցությանը. տեսանյութում լրագրողը ՀՀԿ խորդանիշի և 3-րդ Ռեյխի զինանշանի միջև նմանություններ էր անցկացրել:
Tert.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ չի կարծում, թե ԱԺ նախագահի տեղակալը պետք է մեկնաբանություն տա ռուսական կամ արտասահմանյան ինչ-որ հեռուստաալիքի անդրադարձին։
«Կարճ ասեմ՝ Գարեգին Նժդեհը հայ ազգի մեծագույն հերոսներից է. ինչպես Ալեքսանդր Նևսկին, Ալեքսանդր Սուվորովը՝ մեր բարեկամ ռուս ժողովրդի համար, այնպես էլ Գարեգին Նժդեհը, Զորավար Անդրանիկը,Գևորգ Չաուշը, Մոնթե Մելքոնյանը մեր ազգի մեծագույն հերոսներն են, դրանով ամեն ինչ ասված է, իսկ զուգահեռները, որ տարվում են ֆաշիզմի հետ կամ Հանրապետական կուսակցության սիմվոլիկան՝ նացիզմի հետ, դրանք և՛ անգրագետ են, և՛ անհեթեթ են և իրականության հետ որևէ կապ չունեն։ Ամենակարևորը՝ նման գնահատականները, նման ռեպորտաժները և հոդվածները հաստատ չեն բխում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններից»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
Tert.am-ի այն դիտարկմանը, թե ինչո՞վ էր պայմանավորված «Զվեզդա» ալիքի քննադատությունը՝ ուղղված ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի նախաստորագրմանը, Շարմազանովը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մենք չպետք է այդքան շատ գերագնահատենք Զվեզդայի լրագրողի կամ մեկնաբանի գնահատականները: Կան բարձր մակարդակով հարաբերություններ, նախագահների հանդիպում կա, Լավրովն է Հայաստանում, և ես չեմ կարծում, որ ԱԺ-ի նախագահի տեղակալը կամ Հանրապետական կուսակցության խոսնակը պետք է իջնի այն մակարդակի, որ ռուսական լրատվամիջոցների գնահատականներին լուրջ մեկնաբանություններ տա: Երբ որ ռուսական կոնկրետ համապատասխան դիվանագիտական դաշտից մենք կունենանք հստակ արձագանք, այդ ժամանակ կխոսենք: Զախարովան խոսի՝ ուրիշ բան է, Պետդումայից խոսեն՝ այլ բան է, մենք միշտ էլ պատրաստ ենք քննարկել և մեր կարծիքը ներկայացնել»,-ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը նաև ավելացրեց, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրն արդեն նախաստորագրվել է, իսկ դրա վերաբերյալ գնահատականներ տալ կարող են համապատասխան գերատեսչությունների ղեկավարները, որոնք բանակցում են։
