Վահան Մարտիրոսյանը Շվեյցարիայի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է միասնական տրանսպորտային համակարգ ներդնելու ծրագրին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։
Ողջունելով դեսպանին՝ Վահան Մարտիրոսյանն անդրադարձել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ համագործակցությունը խորացնելու հնարավորություններին։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում գործակցելու վերաբերյալ։
Անդրադարձ է եղել Հայաստանում միասնական տրանսպորտային համակարգ ներդնելու ծրագրին և դրանում շվեյցարական ընկերությունների մասնակցության հնարավորությանը։
Դեսպանը, ներկայացնելով Շվեյցարիայի հասարակական տրանսպորտի կառավարման փորձը, պատրաստակամություն է հայտնել Հայաստանում միասնական տրանսպորտային համակարգ ներդնելու ծրագրի մանրամասները ներկայացնել շվեյցարական համապատասխան ընկերություններին։
Հանդիպման ավարտին Լուկաս Գասսերը Վահան Մարտիրոսյանին է փոխանցել Շվեյցարիայի Համադաշնության նախագահի պաշտոնական նամակը՝ մասնակցելու դեկտեմբերին կայանալիք ինտերնետ կառավարման համաժողովին։
