Պատվաստումների հարցում ամենախոցելին գյուղերն են. Լիա Ավետիսյան
Համահայկական ծնողական կոմիտեի հիմնադիր անդամ, գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ Պապիլոմա վիրուսի պատվաստմանը: Նա նշեց, որ չնայած երեխային նորածին ժամանակվանից սկսում են պատվաստել, այդ թվում թոքախտի դեմ, բայց թոքախտը դարձել է աշխարհում համաճարակ, և այլևս այդ հիվանդությունը դեղորայքին չի արձագանքում:
«Այդ պատվաստումները դարձել են արարողակարգ, որի հետևանքը չեն ցանկանում տեսնել, ինչ-որ մոգություն է սա»,-ասաց նա։
Մասնավորապես, պապիլոմա վիրուսի պատվաստման վերաբերյալ նա ասաց.«16 հազար անմեղ հայ աղջիկների պատվաստվելու հետևանքները ո՞վ գիտի ինչ կլինի, 30 տարի հետ արդյունքները նոր ի հայտ կգան, այդ ժամանակ ո՛չ նախարարը կենդանի կլինի, ո՛չ տեղակալը»:
Լիա Ավետիսյանը նշեց, որ այս հարցով բազմիցս դիմել է նախարարությանը և ստացել է «անհեթեթ» պատասխաններ: «Այդ ո՞նց եղավ, մեր պապեր, տատերը ունեցել են «օխտ զավակ»՝ առանց պատվաստումների, իսկ հիմա երիտասարդները անպտղությունից են բուժվում, սակայն «Նաիրիտն» էլ չի աշխատում, որ ասեն մթնոլորտը թունավոր է»,- ասաց նա:
Լիա Ավետիսյանը կոչ արեց ծնողներին, որ նախապես մոտենան տնօրեններին և ասեն, որ դեմ են, որպեսզի իրենց երեխաները պատվաստվեն, հակառակ դեպքում մեծ աղմուկ կլինի: Ըստ նրա՝ հաճախ դպրոցի տնօրենները ևս դեմ են այդ պատվաստմանը, պարզապես վախենում են, որ վերադասը կպատժի իրենց:
Չնայած դրան Լիա Ավետիսյանը նշեց, որ այս պարագայում ամենախոցելին գյուղերն են: «Չբեր են դառնում այդ աղջիկները, սա ազգի վերարտադրության հարցն է: Սա դրսից պատվեր է, կոպիտ գռեհիկ ավանտյուրա է»,- ասաց նա և նկատեց, որ կառավարությունը որոշում է կայացնում հետո նոր լսումներ կազմակերպում:
