Կոալիցիա ձևավորելու փորձի տապալումից հետո Մերկելը կողմ է նոր ընտրություններ անցկացնելուն
Կոալիցիա կազմելու շուրջ բանակցությունների անակնկալ ձախողումից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ ինքը նախընտրում է նոր ընտրություններ անցկացնել, քան ղեկավարել փոքրամասնական կառավարությունը:
Ինչպես նշում է The Guardian-ը, կառավարության ձևավորման վերաբերյալ նախնական բանակցությունների ձախողումից հետո Մերկելի իշխանությունը հայտնվել է շատ լուրջ վտանգի տակ:
Մերկելը, որը 2005 թվականից ի վեր երեք կոալիցիա է գլխավորել, ասել է, որ ինքը «շատ թերահավատորեն է տրամադրված» փոքրամասնական կառավարությունը ղեկավարելու հարցին: Նա նաև հավելել է, որ նոր ընտրությունների անցկացման դեպքում պատրաստ է կրկին առաջադրվել:
«Ես այն կինն եմ, որը պատասխանատու է ու որը պատրաստ է ապագայում ևս պատասխանատվություն ստանձնել»,-ARD հեռուստաալիքի եթերում ասել է կանցլերը:
Ինչպես ավելի վաղ նշել է Tert.am-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին չի հաջողվել կոալիցիա կազմել, քանի որ Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ) նոյեմբերի 19-ին դուրս է եկել բանակցային գործընթացից:
Այնուհետև ձախակողմյան ուժերը ներկայացնող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդներ Ալեքսանդր Հաուլանդն ու Ալիսա Վայդելը կոչ են արել երկրի կանցլեր Անգելա Մերկելին հրաժարական տալ, քանի որ նրան չհաջողվեց կոալիցիա կազմել 4 կուսակցությունների միջև:
Մեկնաբանելով այս իրադարձությունները՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը բանակցությունների մասնակիցներին կոչ է արել վերանայել դիրքորոշումը՝ հայտնելով, որ Գերմանիան մի իրավիճակում է, որում չի եղել վերջին 70 տարում:
Մեկնաբանելով ձախողումը՝ Մերկելը ափսոսանք է հայտնել Ազատ դեմոկրատական կուսակցության դուրս գալու առնչությամբ՝ նկատելով, որ, այնուհանդերձ, կողմերին կհաջողվեր ընդհանուր հայտարարի գալ:
Նշվում է, որ այժմ կա երկու տարբերակ. կա՛մ կառավարությունը կկազմի փոքրամասնություն, ինչը Գերմանիայի պատմության մեջ աննախադեպ է, կա՛մ էլ նոր ընտրություններ կանցկացվեն:
