Ամերիկացի աստղագետները ֆիքսել են Արեգակնային համակարգից դուրս գտնվող առաջին միջաստղային երկնաքարը (տեսանյութ)
Ամերիկացի աստղագետները հաստատել են, որ վերջերս Երկրի կողքով անցած օբյեկտը եկել էր Արեգակնային համակարգի սահմաններից դուրս տարածքից՝ դառնալով երբևէ նկատված առաջին միջաստղային երկնաքարը, հայտնում է The Verge-ը:
Հետագա դիտարկումների արդյունքում բացահայտվել է, որ երկնաքարը մուգ և կարմրավուն է, նմանվում է Արեգակնային համակարգից դուրս գտնվող առարկաներին: Օբյեկտը շրջապատված չէ որևէ գազով կամ փոշով, ինչպես սովորաբար լինում է գիսաստղերի դեպքում. այն երկար է և բարակ, տարօրինակ գրչի տեսք ունի:
Ենթադրվում է, որ օբյեկտն ունի մոտ 402 մետր երկարություն և 10 անգամ ավելի քիչ լայնություն, ինչը դրան տարբեր է դարձնում Արեգակնային համակարգի մյուս բոլոր երկնաքարերից, որոնցից ոչ մեկն այսքան երկարաձիգ չէ:
Աստղագետների կարծիքով՝ «Օումուամուա» կոչված այս օբյեկտը (հավայերենով՝ «հեռվից ժամանած առաջին սուրհանդակ») միլիոնավոր տարիների ճանապարհորդություն է անցել մինչև մեր Արեգակնային համակարգի մոտ հասնելը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ առաջին անգամ «Օումուամուան» նկատել են Հավայիներում Pan STARRS աստղադիտակով աշխատող աստղագետները՝ հոկտեմբերի 19-ին: Գիտնականների թիմը շարունակել է հետևել օբյեկտին հետագա օրերի ընթացքում: Հիմնվելով չափումների վրա՝ գիտնականները ենթադրել են, որ իրենք դիտում են առաջին միջաստղային երկնաքարը:
Նշվում է, որ նմանատիպ միջաստղային օբյեկտները հաճախ են անցնում Արեգակնային համակարգի միջով, սակայն սովորաբար նրանք այնքան արագ են շարժվում, որ անհնար է լինում տեսնել դրանք: Այս դեպքում երկնաքարն Արեգակնային համակարգ է մտել հատուկ անկյան տակ՝ մոտենալով Արեգակին ու այնուհետև Արեգակնային համակարգից դուրս գալու ճանապարհին անցնելով Երկրի մոտով: Այս հանգամանքը թույլ է տվել աստղագետներին «բռնացնել» օբյեկտը վերգետնյա աստղադիտակի միջոցով:
