Իռլանդիայում անասնաբուժական կլինիկան տարեկան 25 հազար եվրո կվճարի կատուներին շոյելու համար
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի անասնաբուժական կլինիկաներից մեկը հայտարարել է թափուր աշխատատեղի մասին, գրում է Big Picture-ը՝ նկատելով, որ այս առաջարկը չափազանց գայթակղիչ է հատկապես կատվասերների համար:
Մասնավորապես՝ Just Cats անասնաբուժական կլինիկան փնտրում է կատուներ շոյող «մասնագետի»: Հաստատության կայքում ասվում է, որ թեկնածուն պետք է «նուրբ ձեռքեր» և «կատուներին երկար ժամանակ շոյելու հնարավորություն» ունենա:
«Դուք կատուների խելագար սիրահա՞ր եք: Քնելուց առաջ կատունե՞ր եք հաշվում: Կերակրո՞ւմ եք փողոցային կատուներին: Եթե պատասխանել եք «այո» այս հարցերից մի քանիսին, ապա կցանկանայի՞ք աշխատել Just Cats անասնաբուժական կլինիկայում»,-ասվում է թափուր աշխատատեղի նկարագրությունում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կլինիկան պատրաստ է տարեկան 20-25 հազար եվրո աշխատավարձ վճարել՝ կախված նոր աշխատակցի փորձից:
Նշվում է, որ աշխատակցի պարտականությունները կլինեն սպասասրահում կենդանիներին շոյելը և հանգստացնելը: Նրանցից կպահանջվի նաև տարբերել մլավոցի տեսակները:
