Զինծառայության մասին օրենքը տարկետման խնդիրը հստակեցնող օրենք է. Գիտպետկոմի նախագահ
Ըստ Հարությունյանի, օրենքը ոչ թե տարկետումը բացառում է, այլ ինչ-որ չափով սահմանափակում է այն դեպքերը, որոնք հասարակական մեծ հնչեղություն էին առաջացնում։
«Ավելի մարդկային լեզվով ասեմ՝ եթե ուշադրություն դարձնենք առաջին կուրսեցիներին, ովքեր նոր են ընդունվել բուհ, հատկապես այն տեղերը, որոնք ապահովում են տարկետում և անվճար տեղերը, ապա կտեսնենք, որ ունևոր ընտանիքների երեխաների, կամ պաշտոնյաների երեխաների թվաքանակն ավելի մեծ է, քան սպասելի էր», - ասաց Հարությունյանը՝ նշելով, «Իհարկե այստեղ կոռուպցիոն ռիսկեր եմ տեսնում, իսկ օրենքը նաև կարգավորելու է այդ խնդիրը»։
Հարցին՝ սա գիտությանը վնասելո՞ւ է, թե՝ օգնելո՞ւ, Գիտպետկոմի նախագահն ասաց. - «Երեք տարին շատ քիչ է թեկնածուական պաշտպանելու համար, տարեկան ավելի քան 500 թեկնածուական դիսերտացիաներ են պաշտպանվում երեք տարվա ընթացքում, որակը շատ վատ է, դիսերտացիաների զգալի մասը չեն բավարարում այն որակին, որը պետք է իրականում գոյություն ունենար, դա է պատճառը, որ թեկնածուի աստիճան ստացած շատ երիտասարդներ գիտության մեջ չեն մնում։ Գիտության մեջ մնում են 15-ից 17 տոկոսը։ Հետևաբար, զգալի մասը բանակից խուսափելու համար են պաշտպանում»։
Հիշեցնենք՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծին դեմ արտահայտվող ուսանողները դասադուլ ու հացադուլ էին անում՝ պնդելով, որ այն ընդունվելու դեպքում վնասելու է գիտության զարգացմանը։
Ուսանողները դասադուլն ու հացադուլը դադարեցրեցին նոյեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հայտարարեցին, թե պայմանավորվել են հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 22-ին կլոր սեղան-քննարկում անցկացնել իշխանությունների հետ:
Համաձայն օրինագծի, որն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է նոյեմբերի 15-ին, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: Ուսանողները պնդում են, որ այս օրենքը կխոչընդոտի գիտության զարգացմանը։
