Օրենքն արդեն ընդունվել է, և տարկետման հարցի հետ կապված կա հստակ կարգավորում. Կորյուն Նահապետյան
Փոփոխությունների հույս միշտ էլ կա, նայած, թե փոփոխություններ ասելով՝ տվյալ պահին ինչ նկատի ունեք: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱԺ-ի կողմից ընդունված օրենքում փոփոխությունների հնարավորություններին, մասնավորապես՝ տարկետման իրավունքի սահմանափակումների վերացմանը:
Նա տեղեկացրել է, որ արդեն ԱԺ-ի կողմից «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների ընդունվելուց հետո այս փուլում քննարկումներն ընթանում են բոլորովին այլ ձևաչափով:
«Ես նախապես տեղեկացրել եմ, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ մինչև ԱԺ-ում համապատասխան օրենքի նախագծի երկրորդ տարբերակի ներկայացումը հանդիպում եմ ունեցել, բավականին տևական զրույց եմ ունեցել իրենց հետ ոչ միայն զինվորական ծառայության կազմակերպման, զինված ուժերի համալրման, այլ նաև բարձրագույն կրթությանը վերաբերող խնդիրների մասին: Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը, և մենք միշտ պատրաստակամ ենք եղել հանդիպելու, քննարկելու հասարակության տարբեր շերտերի հետ խնդրահարույց տարբեր հարցեր»,-ասել է նա։
Կորյուն Նահապետյանի գնահատմամբ՝ ԱԺ-ն, քաղաքական ուժերը պատրաստ են, պատրաստակամ են քննարկման առարկա դարձնելու նաև զինվորական ծառայության վերաբերյալ այս օրենսդրական կարգավորումների խնդիրները:
Պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ են պատրաստ ընդունել տարկետման իրավունքը, մշտական հանձնաժողովի նախագահն ասաց. «Օրենքն արդեն ընդունվել է, որտեղ կոնկրետ այդ հարցի հետ կապված կա հստակ կարգավորում: Օրենքի կարգավորման շրջանակում կան որոշակի կարգավորումներ, որոնք վերաբերում են նաև կառավարության լիազորություններին, կառավարությունն առանձին նորմերի իրականացման հետ կապված պետք է ընդունի համապատասխան որոշումներ: Եվ քաղաքականության իրականացման իմաստով շատ հարցերի պատասխաններ, նաև ուսումնառության նպատակով տարկետման իրավունքի իրականացման մասով՝ կապված են կառավարության լիազորությունների հետ»:
Կորյուն Նահապետյանի խոսքով՝ իրենք կարող ենք համակողմանի քննարկում ունենալ և լսել նախ երիտասարդների մոտեցումները, նրանց դիրքորոշումները քննարկման առարկա դարձնել, նաև գտնել համապատասխան լուծումներ, հանդես գալ նաև առաջարկություններով:
«Ի վերջո, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին ԱԺ-ի կողմից արդեն իսկ ընդունված օրենքը դեռ նախագահը չի ստորագրել: Մենք դեռ չենք խոսում օրենքի մասին, դեռևս խոսքը ԱԺ-ի կողմից ընդունված օրենքի մասին է, երբ նախագահը կստորագրի, ուժի մեջ կմտնի այս օրենքը, հետևաբար սահմանված ժամկետում ուժի մեջ մտնելուց հետո կառավարությունը և Պաշտպանության նախարարությունը պետք է ընդունեն համապատասխան իրավական ակտեր»,-ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է ուսումնառության նպատակով տարկետման իրավունքի իրականացմանը, ապա, ըստ նրա, այդ քաղաքականությունն ամբողջ ծավալով իրականացվելու է օրենքի հիման վրա՝ ընդունված կառավարության կողմից:
«Ինչ վերաբերում է կառավարության կողմից ընդունված որոշումներին՝ ի կատարումն այս օրենքի, ապա դեռ ժամանակ է պետք՝ հասկանալու համար, թե ինչ մոտեցում է ցուցաբերելու կառավարությունը: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ օրենքի նախագծի քննարկման փուլում՝ խորհրդարանական հարթակում, այս մասով ամբողջական քաղաքականությունը ներկայացվեր, որպեսզի հասարակության լայն շերտերի համար հասկանալի լիներ, թե որոնք են լինելու այն կարգավորումները, որոնք ամրագրվելու են նաև կառավարության որոշումներով»,-տեղեկացրեց Կորյուն Նահապետյանը:
