Նոր լազերային վիրահատությունը թույլ է տալիս շագանակագույն աչքերը 20 վայրկյանում փոխակերպել երկնագույնի
Աչքերի կապույտ գույնը պատմության վաղնջական ժամանակներից գրավչության նշանակալի չափորոշիչ է եղել, թեև Երկրի բնակչության միայն 17 տոկոսն է կապուտաչյա:
Բնակչության մոտ 80 տոկոսը շագանակագույն աչքեր ունի, որոնց մեծ մասը տարբեր ժամանակներ գունավոր կոնտակտային լինզաներ կամ արհեստական իմպլանտներ են կրում՝ իրենց երազած աչքի գույնն ունենալու համար:
Սակայն ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, իրավիճակը շուտով կարող է կտրուկ փոխվել Կալիֆոռնիայում փորձարկվող նորարար բժշկական գործողության շնորհիվ, որի արդյունքում շագանակագույն աչքերը կարող են ընդմիշտ փոխակերպվել երկնագույնի:
Լազերային միջամտությունն աշխատում է՝ նվազեցնելով մելանինի (մաշկի, վարսերի և աչքի գույնն ապահովող պիգմենտ) քանակը ծիածանաթաղանթի մակերեսից, ինչը լույսին թույլ է տալիս հասնել այն հատվածին, որը տեսանելի է աչքի բաց գույն ունեցողների մոտ: Այս ողջ ընթացքը 20 վայրկյան է տևում, իսկ ծառայության արժեքը գնահատվում է 5000 դոլար:
