«Չելսիի» գլխավոր մարզիչ. «Ղարաբաղի» հետ խաղում պետք է շատ ուշադիր լինենք
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի` ադրբեջանական «Ղարաբաղի» հետ կայանալիք հանդիպման մասին:
«Մենք պետք է վաղը շատ ուշադիր լինենք: «Ղարաբաղը» երկու անգամ ոչ-ոքի է խաղացել «Աթլետիկոյի» հետ: Բացի այդ, «Ռոման» շատ դժվար է հաղթել նրանց Բաքվում:
Այդ իսկ պատճառով` մեզ շատ լուրջ հանդիպում է սպասվելու: «Ղարաբաղը» լավ թիմ ունի: Նրանք սիրում են տիրել գնդակին: Առաջին խաղում մենք ավելի հաջողակ էինք, սակայն մրցակիցն արժանի չէր այդքան գոլ բաց թողնելուն»,- իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Ղարաբաղ»-«Չելսի» հանդիպումը կկայանա նոյեմբերի 22-ին, Երևանի ժամանակով 21:00-ին: Լոնդոնում կայացած խաղում անգլիական ակումբը ջախջախել էր մրցակցին 6:0 հաշվով:
