Նիկշա Բավցևիչ. Պարտվեցինք Յանկուի պատճառո՞վ. սա թիմային խաղ է
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական փուլի՝ Դանիայի հետ տնային խաղից հետո լրագրողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով:
Մեր ընտրանին, հիշեցնենք, լարված ու դրամատիկ խաղում ցավալի պարտություն կրեց Դանիայից՝ 71:78 հաշվով.
«Կարող եմ պարզապես շնորհավորել իմ տղաներին, որոնք այսօր ներդրեցին իրենց ողջ ուժերը: Ակնհայտ է, որ մենք խնդիրներ ունենք ռոտացիայի հետ, նրանց պահեստային նստարանը շատ ավելի մեծ օգուտ կարողացավ տալ թիմին, քան՝ մերը: Նրանց պահեստային նստարանը 33 միավոր բերեց թիմին, իսկ մեր պահեստային նստարանը՝ ընդամենը 4: 30 րոպե կարողացանք պահել հաղթական հաշիվը, հետո խաղը շրջվեց պարզապես: Բացակա շատ կարևոր խաղացողներ ունենք, և դա զգացնել տվեց իրեն:
Շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին, ովքեր այսօր հիանալի էին: Շնորհակալ եմ աջակցության համար: Ընդհանուր առմամբ, կարող ենք գոհ լինել խաղից, սա բասկետբոլ է, երբ մեկ գնդակն անգամ որոշիչ է: Այս անգամ այդ գնդակը նրանց կողմն էր: Ինձ համար ուրախալի է այն, որ Հայաստանը հիմա շատ մրցունակ է ավելի ուժեղ հավաքականների հետ խաղերում:
Հույս ունեմ, որ պատասխան խաղում կհաղթենք, այնպես ինչպես նրանք այսօր հաղթեցին այստեղ:
- Կարելի՞ է ասել, որ Ֆիշերի չորրորդ խախտումը շրջադարձային եղավ այս խաղում:
- Ինչ-որ առումով այո, համաձայն եմ:
- Չե՞ք կարծում, որ այսօր Յանկուի պատճառով պարտվեցինք:
- Ոչ, սա թիմային խաղ է: Ես չեմ կարող ասել, թե պարտվեցինք կոնկրետ խաղացողի պատճառով: Բոլոր տղաները պայքարեցին, ներդրեցին իրենց ողջ ուժերը: Ոչ ոք դատարանում չէ, ու չի փորձում ինչ-որ բան անել թիմի դեմ:
- Ամեն դեպքում, նա շատ էր գնդակ կորցնում:
- Չեմ հիշում նման բան: Մեկ բան ասեմ, Յանկուն երեկ խաղի է մասնակցել Թուրքիայում, իր թիմը թույլ չէր տալիս ավելի շուտ միանալ մեզ, նա ամբողջ գիշեր եղել է ճանապարհներին, չի քնել ոչ մի րոպե, և փորձում էր օգնել թիմին: Շատ լավ պաշտպանողական աշխատանք էր կատարում: Սպասու՞մ եք, որ այդպիսի խաղացողի դեմ ես որևէ բա՞ն կասեմ: Կարծում եք՝ նրանից ավելի լա՞վ խաղացող ունենք Հայաստանում:
- Պոդկոլզինն ինչու՞ բավականաչափ չխաղաց այսօր:
- Դա իմ որոշումն էր: Գոհ չէի նրա գործողություններից: Երկու անգամ պաշտպանվելիս սխալներ թույլ տվեց: