Նյու Յորքի ռեստորաններից մեկում «բռնաբարությունների սենյակ» է հայտնաբերվել
Նյու Յորքի հայտնի ռեստորաններից մեկում «բռնաբարությունների սենյակ» է հայտնաբերվել: Ավելի վաղ հաստատության տերը մեղադրվել է սեռական ոտնձգությունների համար: Այս մասին հայտնում է Newsweek-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ռեստորանի նախկին 10 կին աշխատակից մեղադրել է հաստատության համասեփականատեր Քեն Ֆրիդմանին սեռական ոտնձգությունների համար: Կանանց խոսքով՝ նա տանում էր իրենց VIP տարածք, որն իրենք անվանել են «բռնաբարությունների սենյակ», դիպչում իրենց և իր ընկերներին էլ թույլ էր տալիս անել դա:
Դրանից բացի, Ֆրիդմանն էրոտիկ լուսանկարներ է խնդրել իր կին աշխատակիցներից: Ընդ որում, նա սպառնացել է աշխատանքից ազատել աղջիկներին և վատ բնութագրեր տալ, եթե նրանք պատմեն իր ոտնձգությունների մասին: Կանանց խոսքով՝ այսպիսի դեպքեր, իրոք, եղել են:
Նշվում է, որ հենց այս սենյակում է ռեստորանի գլխավոր խոհարար Մարիո Բատալին բռնաբարել կին աշխատակիցներից մեկին: Տղամարդը նաև այլ ավելորդություններ է թույլ տվել իրեն ուրիշ աղջիկների հանդեպ:
Ի պատասխան այս մեղադրանքներին՝ Ֆրիդմանն ասել է, որ արձակուրդ է գնում, իսկ գլխավոր խոհարարն անորոշ ժամկետով լքել է բիզնեսը:
