Թուրքիան պատասխանել է Թրամփի՝ Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող երկրներին ֆինանսական օգնությունից զրկելու սպառնալիքին
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ սպառնալով ֆինանսական օգնությունից զրկել ՄԱԿ-ում Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևին կողմ քվեարկող երկրներին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող ազդել իրավիճակի վրա, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
«ԱՄՆ-ն պետք է իմանա և սովորի, որ սպառնալիքներով չի կարող ստիպել իր ուզածով շարժվել բոլոր երկրներին: Երուսաղեմի հարցով դեկտեմբերի 21-ի քվեարկությունն այս առումով լավ հնարավարություն է, ինքնիշխան ու անկախ ոչ մի պետություն ԱՄՆ նախագահի սպառնալիքի դեմ գլուխ չի խոնարհի: Թուրքիան կպահպանի իր դիրքորոշումն ու դեկտեմբերի 21-ին Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևին իր տված ձայնով ևս մեկ անգամ տեր կկանգնի Պաղեստինին», - ասել է Բոզդաղը:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր դադարեցնել ֆինանսական օգնությունն այն երկրներին, որոնք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կքվեարկեն Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևի դեմ:
«Նրանք վերցնում են մեզանից միլիոնավոր, անգամ միլիարդավոր դոլարներ և քվեարկում մեր դեմ: Թող քվեարկեն, մենք բավականին գումար կտնտեսենք, մեզ համար միևնույնն է», - ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստը, որում կքննարկվի Երուսաղեմի հարցով բանաձևի նախագիծը, կկայանա այսօր՝ դեկտեմբերի 21-ին:
Ավելի վաղ ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը, որը չի ճանաչում Երուսաղեմի կարգավիճակը: Քվեարկության արդյունքում փաստաթուղթը 14 կողմ ձայն է ստացել: ԱՄՆ-ն`որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, օգտագործել է վետոյի իր իրավունքը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի սկզբին ճանաչել է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և հաստատել ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը:
