Եթե կարգը բարդ է, գուցե կարգը փոխենք. վարչապետը՝ օտարերկրացիների աշխատանքի թույլտվության կասեցման ժամկետի երկարացման մասին
Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի կասեցման ժամկետի երկարացման անհրաժեշտության որոշման նախագիծը:
Նախարարի խոսքով՝ Հայաստանում օտարերկրյա վարձու աշխատողների գերակշիռ մասը` շուրջ 63%-ն ունեն բարձրագույն, հետբուհական կրթական մակարդակ: Ըստ նախագծի հիմնավորման Տնտեսության կայուն զարգացման առումով էապես կարևորվում է Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում բարձր որակավորում ունեցող օտարերկրացիների ներգրավման անհրաժեշտությունն առանց լրացուցիչ խոչընդոտների, եթե հաշվի առնենք նաև երկրում ձևավորված ցածր աշխատավարձերի պայմաններում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման օբյեկտիվ դժվարությունները:
Արտեմ Ասատրյանը ներկայացրեց, որ Հայաստանում օտարերկրյա վարձու աշխատողների թվաքանակը 4586 անձ է, որը կազմում է ընդհանուր զբաղվածների թվաքանակի ընդամենը 0.43%-ը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե ինչու ենք ամեն տարի երկարաձգում կասեցման գործընթացը: «Ընդհանրապես, ինչո՞ւ ենք մենք ամեն տարի կասեցնում դա, ինչո՞ւ ենք հետաձգում»-հարցրեց նա:
Նախարարը նշեց, որ մեկ տարով են սահմանել կասեցումը: «Դա պայմանավորված է նրանով, որ ընթացակարգերը, որոնցով տրամադրվում էր թույլտվությունները ենթադրում էին բավականին վարչարարություն և ավելի շատ փաստաթղթեր էր պահանջում և հաշվի առնելով, որ այդ թիվը մեծ տեսակարար կշիռ չի կազմում առաջարկեցինք կասեցնել գործընթացը մինչև համապարփակ լուծումներ բերելը, և դրա անհրաժեշտություն առավել առարկայական ունենալը»,-ասաց Արտեմ Ասատրյանը:
Վարչապետը արձագանքեց.«Եկեք այսպես պայմանավորվենք. մի հատ խնդրում եմ քննարկել կարգը, եթե կարգը բարդ է, ապա մենք կասեցնում ենք, գուցե կարգը փոխենք»,-ասաց նա և կոչ արեց առաջարկություն ներկայացնել:
