Կառավարությունը ԱԺ–ն դիտարկում է իրեն կցված ֆայլ. «Ծառուկյան» խմբակցությունը բոյկոտեց նիստը (ԱԺ նիստը՝ ուղիղ)
«Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության շուրջ երեկ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ այսօր «Ելքի» վրդովմունքին միացավ նաև «Ծառուկյան» խմբակցությունը:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը երեկ տեղի ունեցածը տխուր պրակտիկա անվանեց և նշեց, թե խորհրդարանի օրակարգը ձևավորում է կառավարությունը:
«Ես դիմում եմ ԱԺ-ին եկեք Կառավարությունից պահանջենք, ողջամիտ ժամկետում բերի օրենքները, խորհրդարանական երկիր ենք ի վերջո»,-ասաց նա:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ խախտելով Սահմանադրությունը երեկ ընդունվել է անօրինական որոշումներ:
«Կառավարությունը խորհրդարանը դիտարկում է իրեն կցված ֆայլ, երեկ տեսանք, թե ինչպես մեծամասնության մտքի տիտանները՝ կախված պահի նպատակահարմարությունից որոշում էին օրենքը սահմանադրական է, թե ոչ, եթե ձայները կբարարեն, ուրեմն սահմանադրական է, եթե չբավարարեց պարզվեց, որ ոչ: Այս զոռբայությունն ու այս անօրինական քվեարկությունը «Ծառուկյան» դաշինքը չի ընդունում և երկրի մայր օրենքը սարքել եք պոլի շոր և ի նշան անհամաձայնության՝ մենք լքում ենք դահլիճը»,-ասաց նա, ինչից հետո «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:
Հիշեցնենք, որ Ընդդիմադիր «Ելքն» ու «Ծառուկյան» խմբակցությունը պահանջում էին կրկնաքվեարկություն «Դատական օրենսգրքում» փոփոխություններ անելու վերաբերյալ նախագծի համար, սակայն դա չեղավ, օրենքն ընդունվեց:
