Մտիր վագոն, թե կարող ես. Հնդկաստանում գնացքով երթևեկելն ամենադժվար փորձություններից մեկն է (լուսանկարներ)
Հնդկաստանը երկաթգծերի երկարությամբ աշխարհում 2-րդ տեղն է զբաղեցնում: Սակայն տեղի բնակչության ահռելի թվաքանակի պատճառով, մարդիկ չեն կարողանում հանգիստ պայմաններում երթևեկել գնացքներով:
Յուրաքանչյուր օր Հնդկաստանի գնացքներով երթևեկում է 23 մլն մարդ, որի մի մասը վագոններում չտեղավորվելու պատճառով ստիպված կախվում է փոխադրամիջոցից և նույնիսկ տանիքին բարձրանում:
Շատերի համար և՛ ներսից, և՛ դրսից ուղևորներով գերծանրաբեռնված գնացքների կադրերը կարող են «բեմադրված» կամ անհավանական թվալ, սակայն իրենց՝ հնդիկների համար դա սովորական երևույթ է:
Ստորև ներկայացնում ենք Big Picture կայքի ուշագրավ ֆոտոշարքը Հնդկաստանի գնացքների ու դրա ուղևորների վերաբերյալ.
Նյու Դելիի ու Ռաջաստանի միջև առ այսօր երթևեկում է աշխարհի ամենահին գնացքը, որը կառուցվել է 1855թ.:
Այսօր ՀՆդկաստանում ապրում է 1.2 մլրդ մարդ: Նրանք բոլորն էլ սիրում են գնացքով երթևեկել:
«Հնդկական երկաթուղիները» երկրի ամենախոշոր գործատուն է, որն ունի 1.5 մլն աշխատակից:
Հնդկաստանի երկաթգծերի երկարությունը 114.000 կմ է:
Ամենաարագընթաց գնացքի արագությունը 140կմ/ժ է, իսկ ամենադանդաղինը՝ 9 կմ/ժ:
Նյու Դելիի երկաթուղային կայարանն ամենամեծ երկաթուղային հանգույցն է աշխարհում ու ներառված է Գինեսի ռեկորդների գրքում:
Հնդկաստանում կա մի երկաթուղային կայարան, որի ամբողջական անվանումն արտասանելը գրեթե անհնար է: Այն կոչվում է «Վենկատանառասիմհարայուվարիպետա»:
