Մենք ենք որոշում օրենքը սահմանադրական է, թե ոչ, ոչ թե Կառավարությունը. Գևորգ Կոստանյան
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը ևս միացավ «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության շուրջ շարունակվող քննարկումներին:
Այսօր արտահերթ նիստին նա անդրադաձավ երեկ տեղի ունեցած միջադեպին և նախ խոսեց օրենքի նկատմամբ իր դիրքորոշումից: «Իմ մտահոգությունը, որն արտահայտել էի և՛ պետաիրավական հանձնաժողովի նիստում, և՛ հարցուպատասխանի ժամանակ, և՛ քվեարկության ժամանակ, վերաբերում էր ընդհատության փոփոխությանը, որն անթույլատրելի էր: Մի քանի անգամ խոսել եմ այն մասին, որ շատ կարևոր է, որ ապահովենք և երաշխավորենք դատարանի մատչելիությունը քաղաքացիների համար և ուրախ եմ, որ Կառավարությունը մեր այս մտահոգությունն ընդունեց և փոփոխությունները կատարվեցին, հետևաբար իմ մտահոգությունը վերացավ»,-ասաց նա:
Այնուհետև նա անդրադարձավ «Ելք»–ի գործընկերների հարցադրումներին, արդյոք օրենսգիրքը սահմանադրական էր, թե ոչ: «Անդրադառնամ այս մեկ օրվա ընթացքում մեծ աղմուկ հանած պատմությանը: Մեր գործընկներն ասում են, թե երկրորդ քվեարկությունն անօրինական է, քանի որ առաջինը չի անցել: Սկզբունքորեն՝ ոչ, ասեմ ինչու, նախ՝ օրենքը սահմանադրական էր, թե սահմանադրական չէր, պարոն Գորգիսյանը, որ Հրայր Թովմասյանին մեղադրում էր, որ ինքը սխալ լուծում է տվել, ասեմ, որ ոչ, միանշանակ սահմանադրական էր այս օրենքը և սահմանադրական է և դրա համար էլ երկրորդ ընթերցումը գնում է սահմանադրական ռեժիմով»,-հայտարարեց նա:
Նշենք, որ երեկ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, թե սխալ ռեժիմով է դրվել քվեարկության օրենքը և ցավում է, որ ԱԺ պատգամավորները նման սխալ են թույլ տվել: Այսինքն՝ սահմանադրական օրենքը պետք է ընդունվի ձայների 3/5-րդ համամասնությամբ:
Այնուհետև Գևորգ Կոստանյանը շարունակեց. «Երկրորդ՝ Կառավարությունը չի որոշում՝ մենք որ ռեժիմով պետք է օրենսգիրք ընդունենք, թե չընդունենք: Հիմա եթե սահմանադրական օրենք է ընդունում, ու կառավարությունը գտնում է, որ սովորական ռեժիմով պետք է քննարկվի, հո՞ չպետք է մենք սովորական ռեժիմով քննարկենք, մենք են որոշում և մենք էլ որոշել ենք այդպես, որ սահմադրական օրենք էր և օրենք է և քննարկվել և քննարկվելու է բացառապես սահմանադրական օրենքին բնորոշ իրավական ռեժիմով»,-հայտարարեց նա:
Այնուհետև Գևորգ Կոստանյանն անդրադարձավ Ռուստամ Մախմուդյանի՝ իր իսկ խոսքով ասած «չարաբաստիկ կոճակին», որը քվեարկության ժամանակ չաշխատեց:
«Հարգելի գործընկերներ իրավունքի բովանդակությունը պայմանավորված է իրավունքի էությամբ, խնդիրն այն է, որ ընդունենք Մախմուդյանի և մի քանիսի կոճակները չէր աշխատում, չէինք կարող սահմանափակել իրենց քվեարկությունը: Սա էլ հետադարձ ուժ չի կարող ունենալ, վաղը չէ մյուս օրը չի կարող քվեարկել, տեխնիկապես հնարավոր չէ նորոգել, հետևաբար մենք չենք կարող Մախմուդյանին զրկել իր հեղինակավոր կարծիքն արտահայտելու իրավունքից»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ԱԺ կանոնակարգ օրենքի դրույթին, ապա Կոստանյանը համաձայնեց, որ եթե չի աշխատում պետք է հաշվիչ հանձնաժողովը հաշվի: Բայց ՀՀԿ-ական պատգամավորը շեշտեց, դա այն դեպքում, երբ համակարգը չի աշխատում, մինչդեռ համակարգը աշխատել է, և միայն Մախումդյանի քվեարկության «չարաբաստիկ կոճակը» չի աշխատել:
«Այդյունքում և՛ ապահովեցին մեր գործընկերոջ իրավունքը, և՛ սահմանադրական օրենք լինելու հանգամանքը: Կառավարությունն ի՞նչ գործ ունի, սահմանդրակա՞ն է, թե՞ ոչ, սահմանադրական է, և մենք ենք որոշում դրանով է պայմանավորված, նախևառաջ իշխանությունների տարանջատման սկզբունքը»,-ասաց նա:
