«Նա բառացիորեն սկսեց «հնձել» անցորդներին». Ավստրալիայում զանգվածային վրաերթի ականատեսները պատմել են կատարվածի մասին (տեսանյութ)
Ավստրալական Վիկտորիա նահանգում զանգվածային վրաերթի ականատեսները պատմել են տեղի ունեցածի մասին:
Ինչպես ներկայացնում է life.ru-ն, վրաերթի ականատեսները մանրամասնել են, որ մեքենան սլացել է մոտ 100 կմ/ժ արագությամբ, մխրճվել մոտ 60 հոգուց բաղկացած ամբոխի մեջ ու բառացիորեն սկսել «հնձել» անցորդներին:
«Վարորդը Մելբուրնի ամենաբանուկ հատվածում սլանում էր 80-100 կմ/ժ արագությամբ և արգելակեց միայն այն ժամանակ, երբ վրաերթի ենթարկեց 12-15 մարդու, իսկ հետո մխրճվեց ավտոբուսի կանգառի մեջ», - գրել է Twitter-ի օգտատերերից մեկը,որը գտնվել է դեպքի վայրում:
«Ամեն ինչ տեղի ունեցավ շատ արագ: Ես լսեցի շարժիչի ձայնն ու միանգամից առաջին հարվածը… Հետո ես տեսա, թե ինչպես է նա «հնձում» մարմինները…Նրանք թռան տարբեր կողմեր», - գրել է մեկ այլ ականատես։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ Ավստրալիայի Մելբուրն քաղաքի կենտրոնում այսօր մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Այժմ մեքենայի վարորդն ու ևս մի մարդ գտնվում են ոստիկանական բաժանմունքում: Տարբեր աղբյուրներ հայտնում են 14-ից 19 տուժածի մասին, հայտնի է, որ նրանցից ոմանց վիճակը բժիշկները ծանր են գնահատում:
