Մեր խորհրդատվական ծառայությունը ակտիվ աշխատելու է այն գյուղացիների հետ, ովքեր ուզում են օգտվել հաստատված ծրագրերից. Իգնատի Առաքելյան
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելանը կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ ավելի նպատակահարմար է գյուղատնտեսության ցուցանիշները վերլուծել, երբ որ կամփոփվի ամբողջ գյուղատնտեսական տարին և մենք կունենանք հստակ պատկեր:
Նա նկատեց, որ երաշտի, կարկուտի առումով տարին բավականին անբարենպաստ էր, ինչը կարող էր ազդել անկումների վրա և նախորդ տարվա համեմատության մեջ բերել վայրուվերումների: «Մեր խորհրդատվական ծաայությունը, որը այս տարի վերակառուցվել է, տարածքներում շատ ակտիվ աշխատելու է հենց այն գյուղացիների հետ, ովքեր ցանկանում են օգտվել կառավարության կողմից հաստատված ծրագրերից»,-ասաց նա:
Նախարարն ասաց, որ իրենց բոլոր ծրագրերը ուղղված է այն տնտեսություններին, ընտանիքներին, որոնք ուզում են զբաղվել գյուղանտեսությամբ:
«Մենք բազմիցս մեր այցելության ժամանակ տեսել ենք, որ այն ֆերմերները, տնտեսությունները, որոնք գիտեն ագրոտեխնիկական ճիշտ միջոցառումները, հերթականությունը և կիրառում են, նրանք շատ հաջողված են: Իսկ այնտեղ, որտեղ չկա ֆինանսական ռեսուրսներ և չեն կիրառում, իրենք հետևաբար շատ խոցելի են դառնում գրեթե ցանկացած բնակլիմայական աղետի դեպքում»,-ասաց նա և նշեց, որ դրա համար իրենք աջակցող առաջարկություններ են ներկայացնում:
Նա նշեց, որ այսօր իրականացնում են այն ծրագրերը, որոնց համար եղել է նաև ՀՀ նախագահի հանձնարարությունը:
