Գերմանիայում գործող հանցավոր «Օսմանցի գերմանացիներ» խմբավորումը կապ ունի Թուրքիայի իշխանությունների հետ. Ստեֆան Մայեր
Գերմանիայի խորհրդարանում քննարկվել է Գերմանիայի հետախուզական մարմինների ուշադրության կենտրոնում հայտնված «Օսմանցի գերմանացիներ» խմբավորման գործունեությունը:
Ինչպես գրում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը, Բունդեսթագի «Քրիստոնեական միություն» դաշինքից Ստեֆան Մայերը հայտարարել է, որ հետաքննության ձեռքին եղած ապացույցները փաստում են, որ հանցավոր այդ խմբավորումը կապ ունի Թուրքիայի իշխանությունների հետ:
Ավելին՝ չի բացառվում, որ խմբավորմանը ուղղորդում են մարդիկ, ովքեր ամուր կապեր ունեն հենց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Հայտնի է, որ հանցավոր խմբավորումն ունի 1500 անդամ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մեթին Քյուլյունքն աջակցել ու ֆինանսավորել է «Օսմանցի գերմանացիներ» խմբավորմանը և վճարել նրանց նաև Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող օրինագծի ընդունումից հետո Գերմանիայում հակահայկական ցույցերի կազմակերպման համար:
