Չի բացառվում, որ ԱՄՆ-ը կրճատի ՀՀ-ին ուղղվող աջակցությունը, եթե հայկական կողմը ՄԱԿ-ում դեմ արտահայտվի Երուսաղեմի հարցով ԱՄՆ դիրքորոշմանը․ Սուրեն Սարգսյան
Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն իր կաբինետի անդամների հետ հանդիպմանը նշել է, որ հետևելու են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Երուսաղեմի կարգավիճակին նվիրված արտահերթ հատուկ նստաշրջանին քվեարկությանը և կրճատելու են այն երկրներին հատկացվող օգնությունը, որոնք կքվեարկեն Միացյալ Նահանգների դիրքորոշմանը դեմ:
Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ Հայաստանը` որպես ԱՄՆ-ից օժանդակություն ստացող երկիր, նույնպես կարող է դասվել այդ երկրների շարքին:
Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի տասներորդ հատուկ նստաշրջանի անցկացումը դեկտեմբերի 18-ին պահանջել են ՄԱԿ-ին առընթեր Եմենի մշտական ներկայացուցիչը, Արաբական խմբի նախագահ Հալեդ ալ Եմանին և ՄԱԿ-ին առընթեր Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի նախագահ Ֆերիդուն Սինիրլիօղլուն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը Անվտանգության խորհրդում կայացած քվեարկության ընթացքում վետո դրեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ ուղղված բանաձևի նախագծի վրա:
Ենթադրվում է, որ Հայաստանը կողմ է քվեարկելու Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք «չճանաչելու» վերաբերյալ բանաձևին, քանի որ Նալբանդյանի հայտարարությունից արդեն մեր դիրքորոշումը հայտնի է։
Սուրեն Սարգսյանը չբացառեց, որ հաջորդ տարիների ընթացքում ԱՄՆ արտաքին օգնությունները կրճատվեն, հատկապես կկրճատվեն այն երկրներին հասնող օգնությունները, որոնք ՄԱԿ-ում ԱՄՆ-ի արածին դեմ են արտահայտվում:
«Սա պրագմատիկ մոտեցում է, որովհետև Թրամփը հիմնավորում է այսպես՝ մենք միշտ Ձեզ օգնում ենք, ֆինանսական օգնություն ենք ցուցաբերում, բայց եթե Դուք մեզ օգնություն չեք ցուցաբերում, մենք էլ Ձեզ չենք օգնի»,- նշեց նա:
Սուրեն Սարգսյանի խոսքով՝ շատ քիչ կլինեն երկրներ, որոնք ԱՄՆ-ի դիրքորոշումը ՄԱԿ-ում Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ կսատարեն: Նա նկատեց, որ անգամ ԱՄՆ-ի ամենամտերիմ դաշնակիցները՝ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան քվեարկելու են ԱՄՆ-ի դիրքորոշմանը հակառակ: «Միացյալ Նահանգներում արդեն հստակ գիտեն, որ իրենք պարտվելու են»,- նշեց նա:
Քաղաքագետը նաև նկատեց, որ Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում իր տված խոստումները կատարել է, ըստ այդմ՝ սպասելի է, որ Թրամփը հավատարիմ կմնա նաև վերջին խոստումներին և կսահմանափակի իր օժանդակությունը իրեն չսատարող երկրներին ուղղված:
«Իհարկե, վաղ է ասել, որ այդ որոշումը կազդի նաև Հայաստանի վրա, բայց պետք է նկատել, որ Հայաստան ուղղվող օժանդակության ծավալները մշտապես փոխվում են, իհարկե, ԱՄՆ-ում հայ լոբբիստներն աշխատում են, որ այդ ֆինանսական միջոցները չկրճատվեն, բայց չեմ բացառում, որ կրճատումներ կլինեն»:
Անդրադառնալով Երուսաղեմի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը՝ Սուրեն Սարգսյանը նշեց, որ այն բալանսավորված էր․ արտահայտված էր երկրների մեծամասնության մոտեցումը: «Բոլորի ցանկությունն էլ այն է, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցող: Սա ընդունված մոտեցում է, և Հայաստանն այլ կերպ չէր էլ կարող վարվել»,- նշեց նա:
Ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի դիրքորոշումը հայ-իսրայելական հարաբերությունների վրա․ Սուրեն Սարգսյանն ի պատասխան հարցադրման՝ նկատեց, որ այդ հարաբերությունները երբեք էլ «բարձր մակարդակի վրա» չեն գտնվել: «Բացի այդ, Իսրայելը միշտ էլ բողոքել է, որ Հայաստանը չի քվեարկում «իսրայելամետ» բանաձևերի օգտին ՄԱԿ-ում այլ կազմակերպություններում։ Սա նորություն չէ: Կարևոր է, որ «իսրայելամետ» որոշում ընդունելու հարցում Իսրայելը դիմի իր բարեկամ, մոտ երկրներին՝ ի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի, որոնք ՄԱԿ-ում քվեարկելու են կամ ԱՄՆ-ի դիրքորոշման դեմ, կամ միգուցե չքվեարկեն»,- ասաց նա:
Հայ-իսրայելական հարաբերություններում զարգացումներ կան՝ փոխայցելությունների տեսքով, բայց, ըստ քաղաքագետի, դեռ հարաբերությունները ջերմացած չեն, քանի դեռ ռեզիդենտ դեսպանների հարցը չի լուծվել և քանի դեռ Իսրայելը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, ավելին` Ադրբեջանում գործարան է կառուցում համատեղ զենքի արտադրություն սկսելու համար:
