Սաուդյան Արաբիան ստիպել է Լիբանանի վարչապետին ընթերցել հրաժարականի մասին նախապես գրված տեքստը. նոր բացահայտումներ նոյեմբերյան դեպքերից
Ամերիկյան New York Times պարբերականը հանդես է եկել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի՝ նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայում պաշտոնից հեռանալու մասին արված անակնկալ հայտարարության վերաբերյալ ուշագրավ բացահայտումներով՝ նշելով, որ վարչապետն այդ հայտարարությունն արել է Սաուդյան Արաբիայի իշխանությունների ճնշման տակ:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիա կատարած այցի 2-րդ օրը Հարիրիին վաղ առավոտյան կանչել են պաշտոնատար անձանց մոտ: Երկրի անվտանգության ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել վարչապետին՝ նրան հրելով ու վիրավորելով: Բացի այդ, նրանք վերցրել են Հարիրիի բջջային հեռախոսներն ու միայն մեկ թիկնապահի են թույլ տվել պաշտոնյայի կողքին մնալ:
Այնուհետև Հարիրիին տրվել է նախապես գրված ելույթի տեքստն ու ստիպել են սաուդյան հեռուստատեսությամբ ընթերցել այն:
Հայտնի է, որ նրա հայրենիքում կասկածով են վերաբերվել այս հայտարարությանը, նախագահ Միշել Նաիմ Աունը հրաժարվել է ընդունել վարչապետի հրաժարականը: Անակնկալ հայտարարությունից ժամեր անց Հարիրիին հաջողվել է կապ հաստատել նախագահի հետ՝ հասկացնելով, որ չի կարող ազատ խոսել: Այնուհետև Լիբանանի իշխանությունները փորձել են համոզել Արևմուտքին, որ Հարիրին Սաուդյան Արաբիայում բերման է ենթարկվել: Պարբերականի տվյալներով՝ Սաուդյան Արաբիայում գտվելու ժամանակ վարչապետը եղել է տնային կալանքի տակ:
Այնուհանդերձ՝ դեռևս անհայտ է, թե Սաուդյան Արաբիայի իշխանություններն ինչ նպատակ են հետապնդել՝ նման քայլի դիմելով: Վարկածներից մեկի համաձայն՝ երկրի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդն այդպիսով ցանկանում էր ընդդիմանալ տարածաշրջանային վաղեմի մրցակցին՝ Իրանին, որը սերտ դաշնակցական կապերի մեջ է Լիբանանի հետ:
Հիշեցնենք, որ Հարիրին նոյեմբերի վերջին վերադարձել է Բեյրութ: Նախագահի հետ հանդիպելուց հետո նա հայտարարել է, որ պատրաստ է շարունակել պաշտոնավարել:
