«Հատիսի Լանջ» ռեստորանի սենյակներից մեկի լոգարանում պարանոցի հատվածում կտրած վերքով 37-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Կոտայքի մարզի «Հատիսի Լանջ» ռեստորանային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերված տղամարդու մահվան փաստով։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 09։00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ նշված ռեստորանի աշխատակիցը նկատել է, որ սենյակն ամբողջությամբ արյունով է պատված։
Ինչպես հայտնում է կայքը, ոստիկաններն ու քննիչները նշված ռեստորանային համալիրի սենյակի լոգարանում պարանոցի հատվածում կտրած վերքով վիճակում հայտնաբերել են Երևան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Մեսրոպ Ավետիսյանի դին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության Մոսկովյան մարզի ներքին գործերի վարչութան կողմից 2016 թվականի դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՌԴ քր.օր-ի 158 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում զննությամբ հայտնաբերել են նաև ածելի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ բացի նշված վնասվածքից, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
