ԱՄՆ-ն ուզում է քրդերի միջոցով երկրորդ Իսրայել ստեղծել տարածաշրջանում. Փերինչեք
Թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքը հայտարարել է, որ Թուրքիան կարող է քրդական հարցը լուծել միմիայն զենքի ուժով, այս մասին գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Նա հայտարարել է, որ ոչ մի ուժ չի կարող պառակտել Թուրքիան։
«Ատոմը կբաժանեն, բայց Թուրքիան՝ ո՛չ», - ասել է ազգայնական գործիչը:
«Մեզ հարցնում են՝ ինչպե՞ս կարելի է լուծել քրդական հարցը: Նախևառաջ մեր դիմաց ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող ու զինվող մի խմբավորում է կանգնած: Նրանց միմիայն զենքով կարող ենք մաքրել այստեղից: Իրենք էլ եթե ուզեն զենքը վայր դնել՝ ԱՄՆ-ն չի թողնի: Որովհետև ԱՄՆ-ն այս տարածքներում իր պլանն ունի: Ուզում է երկրորդ Իսրայել ստեղծել: Այս ամենի դեմ Թուրքիան պետք է զենքով պայքարի՝ իր զինվորներով, ոստիկաններով», - ասել է Փերինչեքը:
Նա նաև նշել է, որ Իրաքյան Քրդստանում անկախության ճանաչման կանխումը Թուրքիայի և Իրաքի միջև հաջողված համագործակցության արդյունք էր, և այսուհետ Թուրքիան պետք է նմանատիպ հաջող համագործակցություն գրանցի նաև Իրանի հետ՝ Քանդիլից քուրդ գրոհայիններին մաքրելու համար:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան (պատմական Արևմտյան Հայաստանի զգալի հատվածը - tert.am), Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:
