Տարկետման ձևափոխումը նրանց համար է գրավիչ, ովքեր ուզում են արժանապատիվ կյանք կառուցել՝ պատրաստ սպայի պատասխանատվություն և ուսադիր կրելու. Վ. Սարգսյան
Մենք պետք է աշխատենք բանակն ավելի թափանցիկ դարձնել, որպեսզի նաև հանրային վերահսկողության, հանրային քննարկման մեխանիզմները քայլ առ քայլ բոլորին տանեն դեպի այն դաշտ, որ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում ծառայելը պատիվ է: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով սոցիալական ու պաշտոնական լծակների գործադրմամբ՝ բարենպաստ վայրերում ու զորամասերում որոշ մարդկանց որդիների ծառայության անցնելու փաստին:
Նրա խոսքով՝ անկախ առաջարկվող ծրագրերից, արդարության զգացումի և ընկալման վերաբերյալ վերաբերմունքը չափազանց կարևոր է: Այդ ընկալումը նաև որոշակիորեն սուբյեկտիվ է:
«Մենք այս օրերին ամփոփեցինք «Դիտակետ» ծրագրով լայնածավալ հարցումը: Սոցիոլոգիական ընկերության գնահատմամբ՝ այդ հարցումը երբևէ անցկացված ամենաճշգրիտն է այն պարզ պատճառով, որ ոչ թե ընտրանքային ենք հարցում անցկացրել, այլ բոլոր զորացրված զինվորների շարքում: Մասնագիտական սխալմունքի թույլատրելի շեմը դիտվում է 1.5 տոկոս, դա գրեթե 0 է այս դեպքում»,-պարզաբանել է նախարարը:
Նա տեղեկացրել է, որ հարցումն իրականացվել է սոցիոլոգիական ամենաարդի գործիքներով՝ զորացրված զինծառայողների ինքնագնահատականի հիման վրա՝ իրենց կողմից իրենց սոցիալական կարգավիճակի գնահատմամբ: Այսինքն՝ չի հարցվել՝ աղքատ են, թե հարուստ, այլ՝ կարողանո՞ւմ են առանց խնդրի ձեռք բերել միայն սնունդ և հագուստ, կարողանո՞ւմ են թույլ տալ թանկարժեք գնումներ կամ որևէ գնում սահմանափակված չէ՞ և այլն: Ըստ Վիգեն Սարգսյանի՝ սա գնահատելու շատ օբյեկտիվ չափանիշ է: Համեմատվել է իր ինքնագնահատականով նախկին զինծառայողի սոցիալական վիճակը և նրա ծառայության վայրն ու զորամասի տեսակը:
«Մենք առաջիկայում առիթ ունենալու ենք շատ լայն ու մասնագիտորեն ներկայացնելու այդ ուսումնասիրությունները, որոնց մեջ շատ հետաքրքիր հայտնաբերումներ կան նաև մեզ համար: Այն շատ գործնական, քաղաքականությունը շտկելու ուղղություն էր: Արդարությունը կարևոր է, արդարությունը ցանկացած զինված ուժերի, բանակի ամրության առանցքներից մեկն է: Հեշտ չեն լուծվելու այդ հարցերը, որովհետև կան ավանդույթներ, և դրանք մեր անկախության տարիների ավանդույթները չեն միայն»,-նշել է Պաշտպանության նախարարը:
Ըստ նրա՝ դրանք հարյուրամյակներով փոխանցված ավանդույթներ են, որ բանակը օտարինն էր, և այդ բանակում ծառայելը մի մեծ հերոսություն չէր համարվում: Շատ ավելի կարևոր էր մնալ համայնքում և պաշտպանել օջախը, ընտանիքը հնարավոր վտանգներից՝ լիներ Օսմանյան կայսրությունում, ռուսական, թե պարսկական: Խորհրդային տարիներին էլ բանակում ծառայելը համարվում էր որոշակի առումով կարգավիճակի նշան: «Այդ առումով՝ մեր անկախության տարիները ճիշտ հակառակն են արել՝ բերելով այն ըմբռնումը, որ քաղաքացին պետք է ծառայի բանակում՝ որտեղ, ինչ պայմաններով, այդ հարցը դեռ մնում է: Բայց ընկալումը, որ բոլորը պետք է իրենց քաղաքացիական պարտքը կատարեն, կարծում եմ, կա»:
Վիգեն Սարգսյանը պատմել է, որ իրենք քայլեր են ձեռնարկել, ինչպես խոսք էր տվել, այս օրերին արդեն շրջանառության մեջ է դրվել օրենքի փոփոխությունը, որով բոլոր պաշտոնյաները պարտավոր են հայտարարագրել իրենց և իրենց ընտանիքի անդամների զինվորական ծառայության հետ փոխկապակցվածությունը, այդ թվում՝ նշելով, թե եթե չեն ծառայել, ապա տարկետում են ունեցել, թե ազատվել են: Եթե ծառայել են՝ կամովին կարող են նշել մարտական հերթապահություն անցած լինելու փաստը: «Վերջինը խրախուսական մեխանիզմ է, որպեսզի նաև առաջացնի այդ ձգտումը, ցանկությունը մեկընդմիշտ ֆիքսելու, որ երիտասարդն իր ծառայությունն անցկացրել է հայրենիքի սահմաններն առաջնագծում պաշտպանելով»:
Երկրորդ խնդիրը, ըստ նախարարի, ուսումնական տարկետումների ձևափոխումն է, որտեղ այն փոխարինվում է այնուհետև ծառայելու, ընդ որում` պատասխանատու վայրում և որպես սպա ծառայելու պարտավորության հետ:
«Հուսով եմ՝ սա կարող է գրավիչ լինել այն երիտասարդների համար, որոնք անկախ իրենց սոցիալական կարգավիճակից, իրենց ծնողների կարգավիճակից, ուզում են իրենց կյանքը կառուցել արժանապատիվ ձևով և սկսել երիտասարդ տարիքից՝ ցույց տալով, որ իրենք պատրաստ են սպայի պատասխանատվություն և ուսադիր կրելու: Այսինքն՝ պատրաստ են ավելին տալ հայրենիքին, որը հնարավորություն է տվել անվճար կրթություն ստանալ և ունենալ բակալավրի կրթական աստիճան մինչև զինծառայությունը, այնուհետև մագիստրատուրայում սովորելու հնարավորություն: Ես չեմ կարող ասել, որ այդ մեխանիզմները մեկ օրում լուծելու են մտահոգությունները, դրանց մի մասն օբյեկտիվ է, մի մասը՝ ընկալումների դաշտում»,-վստահեցրել է Պաշտպանության նախարարը:
