ԱԻՆ աշխատակիցներն ու ոստիկանները լքեցին «Պոլիտեխնիկի» շենքը. մասնաշենք ելումուտ այս պահին թույլատրվում է (թարմացված)
13.30
Քիչ առաջ ԱԻՆ աշխատակիցներն ու ոստիկանության ծառայողները լքեցին շենքը՝ ավարտելով համապատասխան գործողությունները։
Բուհի 2-րդ մասնաշենքի դռները բացվեցին և մուտքն ու ելքը թույլատրվում է։
Տեղում ծառայություն իրականացնողները հայտնեցին, որ ամեն ինչ նորմալ է: Թե կոնկրետ ինչ իր է հայտնաբերվել, դեռևս չեն հայտնում։
13.11
Քիչ առաջ Պոլիտեխնիկի շենքից դուրս եկան ԱԻՆ աշխատակիցները, ովքեր լրագրողների հարցերին չպատասխանեցին, միայն հայտնեցին, որ «ամեն ինչ նորմալ է»։
12.32
Tert.am-ի թղթակցին դեպքի վայրում հավաքված ուսանողներն ասել են, որ դասապրոցեսի ընթացքում բարձրախոսով հայտնել են, որ տագնապ է, պետք է լքել համալսարանը, և ուսանողներն առանց խուճապի դուրս են եկել բուհի շենքից։
12.08
Քիչ առաջ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում հավաքված լրագրողներին հաղորդել են, որ համալսարանի ներսում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղի մեջ հայտնաբերվել է լարերով փաթաթված պայթուցիկ և այժմ ուսումնասիրություն է կատարվում՝ պարզելու դրա իսկությունը (կասկածներ կան, որ այն կարող է Ամանորի հետ կապված անակնկալ լինել):
Տեղում աշխատող ոստիկանները թույլ չեն տալիս ինչպես ուսանողներին, այնպես էլ լրագրողներին ներս մտնել: Նրանք ուսանողներին հորդորեցին լքել նաև համալսարանի բակի տարածքը։ Ելնելով անվտանգության նկատառումներից՝ դասերը կշարունակվեն վաղը:
10.45
Դեկտեմբերի 25-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել ոստիկանությունից, որ Երևան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նշենք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շենքից բոլորին տարհանել են։
Ըստ Shamshyan.com–ի՝ կասկածելի արկղը հայտնաբերել է մաքրուհիներից մեկը։ Արկղի վրա գրված է եղել ռեկտորի անուն–ազգանունը։
