Ռուսաստանցիների շուրջ 60 տոկոսը զղջում է ԽՍՀՄ փլուզման համար
Ռուսաստանցիների 58 տոկոսը զղջում է Խորհրդային միության փլուզման համար։ Այդ մասին է փաստում ռուսական «Левада-Центр» ոչ պետական հետազոտական կազմակերպության կատարած սոցհարցումը, գրում է lenta.ru-ն:
Ընդ որում՝ հարցվածների 25 տոկոսը հայտնել է, որ չի զղջում ԽՍՀՄ փլուզման համար, իսկ 16 տոկոսը դժվարացել է պատասխանել:
ԽՍՀՄ փլուզման համար զղջացողների 54 տոկոսը որպես դրա հիմնական պատճառ նշել է միասնական տնտեսական համակարգի փլուզումը, 36 տոկոսը՝ մեկ ընդհանուր գերտերությանը պատկանելու զգացողության կորուստը, 34 տոկոսը՝ փոխադարձ անվստահության աճը, և 26 տոկոսը՝ ընկերների ու հարազատների հետ կապի ցավալի խզումը:
Այս ամենի հետ մեկտեղ ռուսաստանցիների 52 տոկոսը համոզված է, որ ԽՍՀՄ փլուզումից կարելի էր խուսափել, դրան ի հակառակ հարցվածների 29 տոկոսը կարծում է, որ դա իրականում անխուսափելի էր: Հարցմանը մասնակցածների 19 տոկոսը դժվարացել է պատասխան տալ այս հարցին:
Ի դեպ, ավելի վաղ նույն հետազոտական կենտրոնի հարցումներից մեկին մասնակցած ռուսաստանցիների 64 տոկոսը հայտնել էր, որ հավատում է համաշխարհային պատմության մեջ ռուս ազգի նշանակալից ու հատուկ դեր ունենալուն: Հատկանշական է, որ 1992 թվականին այդպես կարծողների թիվն ընդամենը 13 տոկոսի էր հասնում:
