Հայ-թուրքական սահմանի բացումը կուժեղացնի հայկական դիրքերը արցախյան հիմնախնդրի շուրջ տարվող բանակցություններում. թուրքագետ
Հայաստանը վերջին շրջանում ակտիվացրել է թեման և վերջնագիր է ներկայացրել հայ-թուրքական արձանագրությունների համար. լրագրողների հետ զրույցում այսպես ասաց թուրքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը:
«Կարծում եմ՝ մինչև գարուն է ժամկետը, քանի որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետն է ավարտվում, և նա ցանկանում է իր նախագահի պաշտոնավարման ժամանակ վերջակետ դնել այս հարցին»,- ասաց նա:
Մյուս կողմից, Հայկ Գաբրիելյանի կարծիքով, նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ ճանաչելու մասին հայտարարությունն արել է նաև միջազգային հանրության ուշադրությունը գրավելու համար, որպեսզի ճնշում գործադրվի Թուրքիայի վրա: Սակայն, ըստ նրա, միջազգային հանրությունը հիմա այլ հարցերով է զբաղված:
Հայկ Գաբրիելյանի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ Թուրքիայի նախագահ Էրդողանը չի էլ զբաղվի, քանի որ առաջիկայում ընտրություններ են, իսկ եթե նա դրանով զբաղվի, ապա կկորցնի ազգայնական զանգվածի քվեները:
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարելի է սկսել սահմանից բացումից: Պարտադիր չէ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը,- ասաց նա՝ նշելով, որ կարևոր է, որ սահմանը բացվի, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն,-կարծում եմ՝ դա կուժեղացնի նաև հայկական դիրքերը արցախյան հիմնախնդրի շուրջ տարվող բանակցություններում, քանի որ կան միտումներ, որ հայ-թուրքական սահմանի բացումը մտնի արցախյան հիմնախնդրի կարգավորման փաթեթում՝ որպես հայկական կողմին փոխհատուցում, հնարավոր զիջում, եթե նա համաձայնի ինչ-որ տարածքներ զիջել Ադրբեջանին: Եթե կարողանանք հասնել նրան, որ մենք նախ և առաջ կարգավորենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, սահմանը բացենք, ապա այդ տարբերակը չեզոքացվի, այդ հարցը այլևս մեզ չեն կարող ներկայացնել որպես փոխհատուցում»:
