ԵԱՏՄ շրջանակում դեռ կան մի շարք խնդիրներ, որոնց շուրջ պետք է աշխատել. Տիգրան Սարգսյան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգյանը բելառուսական belta.by կայքին տված հարցազրույցում ասել է՝ ինչ է պետք անել, որպեսզի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիներն իրենց վրա զգան միությանն անդամակցության առավելությունները:
«Ես հարցն այլ կերպ կձևակերպեի. ընդհակառակը՝ մեր քաղաքացիները զգում են, որ ապրում են մեկ ընդհանուր տարածքում, սակայն նրանց տխրեցնում է, որ դրանում դեռ կան բազմաթիվ խոչընդոտներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Ըստ նրա՝ ԵԱՏՄ անդամ երկրների ժողովուրդներին միավորող շատ բան կա. ընդհանուր անցյալը, մշակութաբանական ասպեկտը, միևնույն մոտեցումը բազմաթիվ երևույթների ու իրադարձությունների հանդեպ:
«Կարևոր քայլ էր այս 5 երկրների քաղաքացիների համար աշխատանքային միգրացիայի խնդրի լուծումը. այժմ մարդիկ կարող են աշխատանքի ընդունվել առանց լրացուցիչ թույլտվության գործընթացների: 2017 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանի տարածքում գործում է պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը, և բոլոր աշխատանքային ներգաղթյալները կարող են օգտվել դրանից՝ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն: Եվս մի կարևոր ասպեկտ է անդամ երկրների բուհերի դիպլոմների ճանաչումը, ինչը նույնպես նպաստում է, որ մարդիկ կարողանան աշխատանք գտնել»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը:
Ըստ նրա՝ դեռ կան մի շարք խնդիրներ, որոնց շուրջ պետք է աշխատել, որպեսզի «մեր երկրների քաղաքացիներն իրենց առավել հարմարավետ զգան»։ Նա ընդգծել է նախևառաջ վարորդական իրավունքների, կենսաթոշակների և այլ խնդիրների հետ կապված հարցերը:
