Վերին Լարսի անցակետում կուտակված ՀՀ քաղաքացիների համար վրաններ են տեղադրվել, նաև դաշտային խոհանոց՝ տաք սնունդ ապահովելու համար. Տիգրան Բալայան
Համաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ Վերին Լարս անցակետի հատվածում կուտակված ՀՀ քաղաքացիների համար ՌԴ ԱԻՆ-ի կողմից տեղադրվել են վրաններ, դաշտային խոհանոց՝ քաղաքացիներին տաք սնունդ և անհրաժեշտ այլ օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Անցակետում է գտնվում նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը: Վրաստանում՝ Կազբեգի անցակետի հատվածում, ձնամաքրման աշխատանքները դեռ շարունակվում են։ Ըստ նախնական տեղեկատվության՝ առկա է ձնահոսքի վտանգ, ուստի կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,– հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով, ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն, ռուսական կողմում կա կուտակված 282 տրանսպորտային միջոց, որից 247 բեռնատար, 32–ը մարդատար ավտոմեքենա և 3 ավտոբուս:
Ավելի վաղ ՀՀ Տրանսպորտի, կապի և Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը՝ անդրադառնալով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվությանը, Tert.am-ի հետ զրույցում նշել էր, թե իրավիճակի փոփոխություն դեռ չկա: «Այս պահին իրավիճակի փոփոխություն չկա, եթե փոփոխություն լինի, ընթացքում լրացուցիչ տեղեկատվություն հաղորդվում է»,-ասել էր նա:
Բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչ Կարեն Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ամեն տարի եղանակային պայմաններից ելնելով ճանապարհի անանցանելիության խնդիրներ առաջանում են: «Երեկվա դրությամբ թեթև քաշային մեքենաներն անցնում էին, մեծ մեքենաները դեռ կուտակված էին»,-ասել էր նա:
Կարեն Պողոսյանի խոսքով` Նոր տարվա նախաշեմին բեռնափոխադրումների քանակն ավելանում է, խնդիրները՝ ևս: «Խնդիրների մի ամբողջ շղթա է՝ սկսած մաքսայինից, վերջացրած եղանակային հարցերով: Ճանապարհը մեկն է, չի հասցնում սպասարկել: Եթե այլընտրանքային ճանապարհ լիներ, լավ կլիներ: Մաքսայինն էլ ռուսական կողմում խնդիրներ է առաջացնում վճարների հետ կապված»,-ասել էր նա` նկատելով, որ Վերին Լարսի անցակետի փակվելու պատճառով հատկապես դժվարանում է բեռնատարների շարժը:
