Թուրքիայի ընդդիմության առաջնորդը 5 մանրադրամի չափով բարոյական փոխհատուցում է պահանջել իրեն «բթամիտ» անվանած Էրդողանից
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն դատի է տվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որն ավելի վաղ «բթամիտ» էր անվանել իրեն, և նախագահից 5 թուրքական քուրուշի (մանրադրամ) չափով բարոյական փոխհատուցում պահանջել:
Ինչպես գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը, Քըլըչդարօղլուի ներկայացուցիչները դատարան ներկայացված բողոքում նշել են, որ Էրդողանն անցել է բոլոր թույլատրելի սահմանները՝ տրորելով խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքները:
Քըլըչդարօղլուի փաստաբան Ջելալ Չելիքն իր հերթին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Էրդողանի կողմից ընդդիմության առաջնորդին ուղղված քննադատությունը, որն ուղեկցվել է անձնական բնույթի վիրավորանքներով, չի կարող դիտվել որպես խոսքի ազատության իրավունքից օգտվելու նախադեպ:
Նշենք, որ Էրդողանի ընտանիքի անդամների՝ օֆշորային ընկերությունների հետ կապը բացահայտած Քըլըչդարօղլուին Թուրքիայի նախագահն անվանել էր «բթամիտ, գյուլենական, ստախոս»:
Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, որ հրաժարական կտա, եթե Քըլըչդարօղլուն ապացուցի իր դեմ հնչեցված մեղադրանքները, իսկ նախագահի փաստաբանները դատարան են դիմել՝ հայց ներկայացնելով ընդդիմադիրի դեմ և պահանջելով, որ նա 380 հազար դոլար գումարի չափով փոխհատուցում վճարի էրդողանին հասցված ոչ նյութական վնասի համար:
«Հարցրի Էրդողանին՝ արդյոք նա գիտի՞, որ իր երեխաները, եղբայրը և այլ բարեկամներ միլիոնավոր դոլարներ են փոխանցում փոքր Մեն կղզի՝ Belvey ընկերությանը: Նա ասաց՝ ապացուցի՛ր: Մենք ունենք բոլոր ֆինանասկան փաստաթղթերն այս ընկերության վերաբերյալ», - ասել էր Քըլըչդարօղլուն՝ ելույթ ունենալով իր կուսակցության պատգամավորների առջև:
