Էրդողանի վարած քաղաքականության արդյունքում Թուրքիան կարող է բախվել մի իրավիճակի հետ, որը տխուր կլինի բոլորի համար. Աբդուլլահ Գյուլ
Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը կրկին քննադատել է երկրի ներկա իշխանություններին՝ նշելով, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա կուսակցության վարած քաղաքականությունը կարող է մոտ ապագայում անդառնալի հետևանքներ ունենալ և Թուրքիան կբախվի մի իրավիճակի, որը «տխուր կլինի բոլորի համար»:
Ինչպես գրում է թուրքական t24.com.tr կայքը, Գյուլը շեշտել է երկրում հեղաշրջման փորձի իրականացումից հետո ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ բազմաթիվ պետական աշխատողներին գործազուրկ թողնելու փաստը և նշել, որ դա խիստ մտահոգիչ է իր համար:
Ավելի վաղ Գյուլը կոշտ քննադատության էր ենթարկել երկրի իշխանություններին՝ կոչ անելով վերացնել արտակարգ դրությունը: Գյուլը պնդել էր, որ արտաքին քաղաքականության հզորացման համար Թուրքիան նախ պետք է ամուր լինի ներսից, իսկ պատերազմը միշտ պետք է ամենավերջին ընտրությունը լինի երկրի համար:
Գյուլը նաև հրաժարվել էր Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադրման 16-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելուց:
Իշխանամետ մամուլը չի բացառում, որ 2019 թվականի ընտրություններում Աբդուլլահ Գյուլը կրկին կառաջադրի իր թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնի համար:
