Լավ է, որ դատավորին թույլ տված խախտման համար պատժեն, սակայն քանի դեռ ինքը դատական անկախ մարմնի մասնիկ չի դարձել, իրավիճակը չի փոխվելու. Ե. Վարոսյան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձանագրած խախտումների համար խախտումներ թույլ տված դատավորները պետք է պատժվեն, սակայն դա վիճակն ամբողջովին չի շտկի:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը, անդրադառնալով ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, Նախարարների կոմիտեում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գևորգ Կոստանյանի այն հայտարարությանը, որ խնդրին լուծում տալու բաղադրիչներից մեկն այն է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի հիմք հանդիսանան նաև ՄԻԵԴ վճիռները:
«Համաձայն եմ, որ դատավորները որևէ կերպ ինչ-որ պատասխանատվության ենթարկվեն: Կարծում եմ, որ կա պատճառ, որ Գևորգ Կոստանյանը, ով ամենօրյա շփման մեջ է Եվրոպական դատարանում քննվող գործերի ընթացքի հետ, նման նախաձեռնությամբ է հանդես գալիս: Դա պայմանավորված է նրանով, որ տարիներ շարունակ նույնանման խախտումները չեն դադարում: Բնականաբար խախտումները երբևէ չեն բացառվելու, սակայն տարիներ շարունակ նույն խախտումներն է տեղի ունենում և հասկանալի է դառնում, որ իրավիճակը ինչ-որ կերպ պետք է շտկել»,-ասաց Վարոսյանը:
Փաստաբանի խոսքով՝ Եվրոպական դատարանի մի շարք որոշումներում դատարանի կողմից ուղղակիորեն նշվում է, որ Հայաստանը նույն խախտումներն է թույլ տալիս, ինչն էլ Կոստանյանին կարող է ստիպել, որ մտածեն իրավիճակը փոխելու մասին:
«Սակայն, համաձայն լինելով այն գաղափարի հետ, որ այո դատավորն իր մաշկի վրա պետք է զգա իր կողմից կատարած խախտման հետևանքը, այնուամենայնիվ համոզված եմ, որ միայն դրանով իրավիճակը չի էլ շտկվելու: Այսինքն, որքան ուզում եք պատժեք, միևնույն է, նա խախտումը թույլ է տալու քանի դեռ ինքը դատական անկախ մարմնի մասնիկ չի դարձել, քանի դեռ ինքը հրահանգ կատարող է: Դատավորին պատժելը միակ լուծումը չի կարող լինել: Ի վերջո, պետք է ունենանք դատական համակարգ, ոչ թե դատավորների «վարչություն»:
2017 թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ 2017թ. ընթացքում Եվրոպական դատարանի՝ ՀՀ վերաբերյալ կայացված վճիռներով դիմումատուներին հատկացվել է 79,765 եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Ներկայացված վիճակագրության համաձայն՝ 2002-2016 թվականները ՄԻԵԴ արձանագրած խախտումների 28,7%-ը կամ կայացված 104 վճիռներից 32-ում ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ ՄԻԵԿ 6-րդ հոդվածի խախտում՝ արդարացի դատական քննության իրավունքի խախտում :
