Հայաստանն իսկապես դիմել է Ռուսաստանի և Վրաստանի միջև բեռների տեղափոխման մասին համաձայնագրի իրականացման հարցով. Կարասին
Հաջորդ շաբաթ Պրահայում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն բանակցություններ կանցկացնեն ռուս-վրացական սահմանին բեռների մոնիթորինգի մասին 2011 թվականի համաձայնագրի իրականացման շուրջ, հայտնում է «КоммерсантЪ»-ը:
Ռուսաստանի ԱԳՆ-ի համաձայն՝ Հայաստանը հետաքրքրված է ռուս-վրացական համաձայնագրի իրականացման հարցով, որը նոր խթան կհաղորդի տարածաշրջանում Ռուսաստանի հետ առևտրին:
«Մենք իսկապես ունենք Հայաստանի խնդրանքը: Բայց այս դեպքում խոսքը Ռուսաստանի և Վրաստանի միջև զուտ երկկողմ համաձայնագրի մասին է, որը կնքվել է Շվեյցարիայի միջնորդությամբ: Այն չի ենթադրում պարտավորություններ երրորդ երկրների, այդ թվում, իհարկե, Աբխազիայի Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության համար»,- ասել է Գրիգորի Կարասինը:
Նրա խոսքով՝ կողմերը պատրաստ են հնարավորինս շուտ ավարտել ներպետական ընթացակարգերը, որպեսզի համաձայնագիրն աշխատի:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Վրաստանը չի դիտարկում տարանցիկ ճանապարհների բացման թեման:
Այդպես է արձագանքել Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հայտարարությանն այն մասին, որ «մոտ ժամանակներս Հայաստանը հույս ունի գործարկել Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրային միջանցքն Աբխազիայով և Հարավային Օսիայով»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել էր, թե հավատում է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանապարհները կբացվեն Հայաստանի համար։ «Պետք է հավատանք, որ առաջ տանենք, և ես հավատում եմ, որ մի օր կլինի»,-ասել էր նա և նշել, որ բոլորը` թե՛ վրացական, թե՛ ռուսական կողմերն աշխատում են, որ սա արագ լինի։
Մոսկվայի և Թբիլիսիի ներկայացուցիչները պայմանավորվել են անցնել 2011 թվականին Ռուսաստանի և Վրաստանի միջև ստորագրված՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով «Առևտրային միջանցքների մասին» պայմանագրի կյանքի կոչմանը: Մինչ այս, համաձայնագրի փաստացի կյանքի կոչումն արգելափակվում էր այն պատճառով, որ Մոսկվան և Թբիլիսին չէին կարողանում պայմանավորվել, թե արդյոք կարող են Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներն անմիջականորեն մասնակցել գործընթացին: Սուխումում և Ցխինվալում բազմիցս սպառնում էին հրաժարվել թույլ տալ «միջանցքներով» բեռների փոխադրումը, եթե նրանք չլինեն համաձայնագրի լիիրավ մասնակիցներ, բայց այդ տարբերակին կտրուկ դեմ էր Թբիլիսին: