Պառլամենտական վերջին ընտրություններից հետո իշխանությունների համար ցանկալի արդյունքի հասնելու մեխանիզմները փոխվել են. Դանիել Իոաննիսյան
Քվեարկության ցուցակների հրապարակումը մենք վաղուց ենք ասել, որ լավ քայլ է, պահանջված է, բայց բնավ բավարար քայլ չէ լավ ընտրություններ ունենալու համար: «Իրազեկ քաղաքացիների միավոր» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ-ի ելույթին, որում նա անդրադարձել էր ընտրական համակարգի բարեփոխումներին:
«Պառլամենտական վերջին ընտրություններից հետո իշխանությունների համար ցանկալի արդյունքի հասնելու մեխանիզմները փոխվել են: Դրանք ոչ թե տեղամասերում կեղծիքներն են, լցոնումներն են, այլ անձի փոխարեն քվեարկությունը և այլն, որի դեմ պայքարի էֆեկտիվ մեխանիզմներ արդեն կային, այլ ավելի շատ ընտրողների վրա ապօրինի ներգործության մեխանիզմներն էին՝ ընտրակաշառք, վարչական լծակների կիրառում: Այսինքն՝ այս տրանսֆորմացիան տեղի ունեցավ: Եվ, ըստ էության, չոր արդյունքը համարյա չփոխվեց»,-վերլուծել է ՀԿ-ի համակարգողը:
Անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավոր» ՀԿ-ի բացահայտմանը՝ դպրոցների և մանկապարտեզների 114 տնօրենների վարչական լծակների չարաշահման դեպքին, Դանիել Իոաննիսյանն ասել է, որ միայն այդ բացահայտումը չէր, որ վկայում էր ընտրություններին վարչական լծակների կիրառման մասին: «Թե «114 տնօրենների» գործը, թե «զիբիլիքսը» փաստում էին, որ դա համակարգված է, դա պատմություն չէ մեկ-երկու կամ 10 անբարեխիղճ անձանց մասին, սա մի ամբողջ համակարգված գործընթաց է: «Զիբիլիքսի» դեպքում հստակ երևում էին համակարգվածության մեխանիզմները, հստակ երևում էր, որ մի շարք մարմիններ, օրինակ՝ ոստիկանությունը, վարչական ռեսուրս էին չարաշահում՝ հօգուտ Հանրապետական կուսակցության, «114 տնօրենների» դեպքում երևում էր դրա համատարածությունը և կազմակերպվածությունը»:
ՀԿ համակարգողի ձևակերպմամբ՝ ընտրությունները բավականին այլ տեսքի էին, քան նախորդ ընտրություններն էին, օրինակ՝ 2013 թ. նախագահական կամ 2012 թ. խորհրդարանական ընտրությունները, բայց արդյունքները նույնն էին, և սա պայմանավորված էր այն հանգամանքով, որ տեղի ունեցավ այդ արդյունքների ապահովման կամ ընտրակեղծիքների տրանսֆորմացիա: «Կոշտ դաշտից անցում կատարվեց ավելի փափուկ ընտրակեղծիքների դաշտ»:
Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին, որին անդրադարձել էր նախագահը ԵԽԽՎ-ում և ասել էր, որ փոքրիկ Հայաստանում 500 պաշտոնյա կհայտարարագրի ունեցվածքը, Դանիել Իոաննիսյանն ասել է. «Կարելի է համեմատել Ուկրաինայի հետ: Ուկրաինայի բնակչությունը Հայաստանի բնակչությունից կոպիտ հաշվարկով մոտ 20 անգամ ավել է: Ուկրաինայում հայտարարագիր է ներկայացնում 100.000-ից ավել պաշտոնյա, մի միավոր բնակչության թվով մի կարգով բարձր թվով: Դա է բարձր, ոչ թե Հայաստանի համար 500 հոգին: Քանի որ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ դա բարձր ցուցանիշ է, ուզեցի ցույց տալ, որ Ուկրաինայում 10 անգամ ավելի բարձ է այդ ցուցանիշը: Ինքնին հայտարարագրերը ևս բավարար չեն, որովհետև Հայաստանում հայտարարագրերը թերի են, կրկին նույն Ուկրաինայի հետ համեմատենք: Այնտեղ պաշտոնյաները հայտարարագրում են ավելի շատ բան, քան Հայաստանում, հայտարարագրում են այն ամբողջ գույքը, որ իրենք օգտագործում են, ոչ միայն այն գույքը, որ իրենց սեփականության իրավունքով է պատկանում, այսինքն՝ չի կարելի գալ աշխատանքի թանկանոց մեքենայով և ասել՝ սա իմ ընկերոջ մեքենան է: Պետք է լինի հայտարարագրում»:
Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները, որ ներդրվեցին հունիսին, բավականին թերի են և խոցելի, Հայաստանում չկա անկախ հակակոռուպցիոն իրավապահ մարմին և չի ստեղծվում, ի տարբերություն բազմաթիվ այլ երկրների՝ հետխորհրդային: Հայաստանն այս մասով բավականին խոցելի է: