«Ադրբեջանը դարձել է իր հայատյաց քաղաքականության զոհը»․ Շարմազանով
ԼՂ պաշտպանության նախարարությունը, հիշեցնենք, հաղորդել է, որ այս գիշեր հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ներթափանցման փորձ է կատարել, ինչը կասեցվել է: «Նման սադրանք եղավ նաև վերջերս կայացած՝ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո, դա եղավ Ժնևից հետո, երբ նրանց դիպուկահարի կրակոցից հայ զինվոր սպանվեց, դա եղավ նաև հիմա: Ադրբեջանն այս քաղաքականությամբ ցույց է տալիս, որ ինքը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների:
Խնդիրը հենց ադրբեջանի ղեկավարության ուղեղներում է, իրենք դարձել են իրենց հայատյաց ռասիստական քաղաքականության զոհը»,- ասաց Շարմազանովը: Նման սադրանքները, սակայն, վերջինիս խոսքով, չեն կարող ազդել «Արցախի և Հայաստանի ժղովրդի քաղաքական կամքի վրա», և «ազատության ձգտումը երբեք չի կարող դրվել կասկածի տակ»։
«Արմեն Սարգսյանը դրսից չէ»
Երկրում կարևորագույն պաշտոններ զբաղեցնելու համար ինչու՞ է Հանրապետականը թեկնածուներ հրավիրում դրսից, այլ ոչ թե հենց կուսակցության ներկայացուցիչների շարքերում փնտրում նրանց: Այդպես եղավ վարչապետ Կարեն Կարապետյանի պարագայում, այդպես է նաև այժմ՝ Հայաստանի հաջորդ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն ցանկանում է տեսնել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին։ Այս հարցին Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․
«Նա դրսից չէ: Ի՞նչ է նշանակում դրսից: Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանն է: Եվ նրա վերաբերյալ դրսից ասելով՝ առնվազն արդարացի չէ ու ճիշտ չէ: Նա Հայաստանի Հանրապետության դիվանագետ է, որը նշանակվել է դեսպան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով: Մենք կարծում ենք, որ Արմեն Սարգսյանը և՛ իր քաղաքական, և՛ իր գիտական կենսագրությամբ արժանի է՝ լինել Հայաստանի Հանրապետության նախագահ»: