Սև հումոր էր. Տիգրան Աթանեսյանը՝ դատական տուգանքը Դատական օրենսգրքի նախագծից Դատավարական օրենսգիրք տեղափոխելու մասին
Դատական տուգանքը Դատական օրենսգրքի նախագծից Դատավարական օրենսգիրք տեղափոխելով փաստաբանների համար ոչինչ չի փոխում, ավելին՝ ավելի վատ է, սա «սև հումոր» էր:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը` անդրադառնալով արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի այն հայտարարությանը, թե դատական տուգանքները հանվել են Դատական օրենսգրքի նախագծից ու տեղափոխելու են Դատավարական օրենսգիրք:
«Որքան մամուլից տեղեկացա, Արդարադատության նախարարն ասել էր,որ նույն տեսքով է նախագիծը տարվելու Դատավարական օրենսգիրք: Դա արվում է զուտ այն պատճառով, որ Դատական օրենսգիրքը սահմանադրական օրենք է և եթե հետագայում ավելի փոփոխություններ անելու խնդիր լինի դա բավականին դժվար պրոցես է, իսկ սովորական դատավարական օրենսգրքերում փոփոխություններ անելն ավելի հեշտ է: Սա չգիտեմ ինչ անվանել, սև հումոր էր, դա փաստաբանների համար ոչինչ չի փոխի»,-ասաց Աթանեսյանը:
Աթանեսյանի խոսքով ՝դատարանի համար որևէ տարբերություն չկա, թե որ օրենսգրքով կղեկավարվի դատական տուգանքի ենթարկելու որոշումը կայացնելիս:
Ինչ վերաբերում է Փաստաբանների պալատի՝ նախագծին դեմ արտահայտվելուն, Աթանեսյանն ասաց, որ այդ «պայքարը» հրահանգավորված է, ձևական բնույթ է կրում և քաղաքական որոշ գործիչների մոտ դիվիդենտներ շահելու համար է:
Դիտարկմանը, թե ՓՊ-ը նախարարի հայտարարությունից հետո կրկին հետագա գործողությունների պլանին ուղղված քննարկում է անցկացնելու, իսկ Աթանեսյանն այն համարում է ձևական, հետևաբար չի՞ մասնակցելու, փաստաբանն ասաց, որ դա ոչ միայն ձևական, այլ նաև վտանգավոր գործունեություն է:
«Լավ կաղապարի տակ իրենց շահերն են անցկացնում, դիվիդենտներ են վաստակում, սա որևէ արդյունք չի տա, եթե պայքար է, սա պետք է ամենասկզբից լիներ: Եթե ուշադիր հետևենք, թե ինչ են անում, օրինակ, պահանջն ուղղված է և՛ կառավարությանը, և՛ Ազգային ժողովին, բայց հանդիպում են պահանջում միայն Ազգային ժողովի նախագահի հետ, նա էլ չի հանդիպում, հանդիպում է հանձնաժողովի նախագահի հետ: Ասում են, թե մարզերում գործադուլ է, որևէ ինֆորմացիա չկա, ինչ-որ դատական նիստեր հետաձգվո՞ւմ են, թե՞ չէ, ի՞նչ արդյունքն է տալիս, ի՞նչ է տեղի ունենում»,-ասաց Աթանեսյանը:
Փաստաբանի խոսքով՝ փաստաբանությունը վարկաբեկված է, վերջին չորս տարում ՓՊ-ն հասել է այնդ«արդյունքին» և այդ պատճառով փաստաբանների կարծիքին ոչ ոք ուշադրություն չի դարձնում:
«Իշխանությունները որոշել են դա ամրագրել և ամրագրելու են»,-ասաց Աթանեսյանը:
Նշենք, որ այսօր Ազգային ժողովում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ Դատական սանկցիաների շարքից հանվել են դատական տուգանքները.
«Մենք որոշեցինք դատական տուգանքները հանել Դատական օրենսգրքի նախագծից ու տեղափոխել Դատավարական օրենսգիրք»:
Հիշեցնենք, որ նախագծի համաձայն ՝փաստաբանների ու դատախազների նկատմամբ որպես սանկցիա կարող է կիրառվել նաև տուգանք մինչև 100 հազար դրամի չափով: Համաձայն Արդարադատության նախարարության մշակած նախագծի՝ տուգանքի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից: