Այս իշխանության օրոք երբեք չի բացահայտվի մարտի 1-ը, ո՞նց կբացահայտվի, եթե իրենք են սպանել մեր երեխաներին. Ս. Քլոյան
2008թ-ի մարտի 1-ի զոհերի մեծ մասի ընտանիքի անդամներն արտագաղթել են Հայաստանից, Tert.am-ի հետ զրույցում ասաց 10 զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանը:
«Զոհերի հարազատներից միայն Արմեն Ֆարմանյանի և Սամվել Հարությունյանի ընտանիքն է այստեղ: Տիգրան Աբգարյանի մայրն էլ այստեղ չէ, գնացել է Ռուսաստան` իր տղայի մոտ: Հիմանական մասը արտագաղթել են Հայաստանից: Իմ հարսն ու թոռնիկներ էլ Ռուսաստանում են, ես ու կինս ենք այստեղ»,-ասաց Քլոյանը:
Այս տարի կլրանա մարտի 1-ի իրադարձությունների 10-րդ տարելիցը: Այս ընթացքում, Քլոյանի խոսքով հանցագործություններից և ոչ մեկի բացահայտման ուղղությամբ քայլեր չեն արվել:
«Այս իշխանության օրոք երբեք չի բացահայտվի մարտի 1-ը, ո՞նց կբացահայտվի, եթե իրենք են սպանել մեր երեխաներին: Ո՞նց կարելի է շոու սարքել»,-ասաց նա ՝ նշելով, որ մոտ երեք տարի է անցել այդ հանդիպումից, սակայն դեպքերի բացահայտման գործում որևէ առաջընթաց չի եղել:
«Երեք տարվա մեջ ոչ մեզ հրավիրել են իրենց մոտ, ոչ որևէ մի բանից տեղյակ ենք: Մենք ոչինչ չգիտենք, ուղղակի մենք մեր փաստաբանի՝Վահե Գրիգորյանի հետ ենք կապի մեջ, և Եվրադատարանից ինչ նորություն լինում է, իրենից ենք ստանում»,-ասաց Քլոյանը:
Նա կարծում է, որ քաղաքական ուժերի կողմից մարտի 1-ի թեմային անդրադարձն ու ժամանակ առ ժամանակ բարձրաձայնումը հօգուտ գործի բացահայտման է, և ոչ թե շահարկումների առիթ:
Մասնավորապես, անդրադառնալով «Ելք» խմբակցության կողմից ԱԺ-ում շրջանառության մեջ դրված«2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագծին, Սուրեն Քլոյանը ասաց.« «Ելք» խմբակցությունից ունենք Սասուն Միքայելյան, որ մարտի 1-ի տուժածներից է, Նիկոլ Փաշինյանը, որ նույնպես մարտի մեկի տուժած է, մեր Արտակ Զեյնալյանը մեր իրավապաշտպանն է: Նրանց սուրբ պարտականությունն է, որ միշտ հիշեցնեն այս իշխանություններին՝գործը ինչո՞ւ տեղից չի շարժվում: Նրանք չեն շահարկում, նրանք ընդհակառակը, ուզում են ի սրտե, որ մարտի 1-ի գործով ինչ- որ առաջընթաց լինի, զոհերի հարազատներին օգնեն և՛ իրավական, և՛ բարոյական տեսանկյունից»:
Նշենք, որ ներկայացված հայտարարության նախագծով «Ելք» խմբակցությունը ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բացահայտել եւ խստագույն պատասխանատվության կանչել Մարտի 1, 2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին եւ անմիջական կատարողներին, ինչպես նաեւ խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին և անընդունելի է համարում այդ իրադարձություններն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբի լուծարումը, քանի որ խմբի հետագա գործունեությունը կարող էր լրջագույն բացահայտումներ անել քաղաքական գործընթացում բանակի մասնակցության, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքները վերահսկելու եւ կեղծելու համակարգված մեխանիզմների գոյության մասին:
Նաև կոչ է անում ՀՀ գլխավոր դատախազությանը Մարտի 1, 2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել:
«Ելք» խմբակցությունը պարտավորվում է նաև առաջիկայում մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ինչպես նաեւ ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին։
Սարգիս Քլոյանի խոսքով իշխանության կողմից մարտի 1-ի զոհերի ընտանիքներին բարոյական օգնություն չի ցուցաբերվում, քանի որ, եթե օգնեն, ըստ նրա, կնշանակի ընդունում են, որ կատարվածի համար իրենք են պատասխանատու: