Եթե ասենք, որ այս տնտեսությունը կով է, ապա իշխանությունը վերջնական հասցնելու է նրան, որ այդ կովը սատկի. Արամ Սարգսյան
«Մոսկվա» կինոթատրոնի հարակից հրապարակում «ԵԼՔ » դաշինքի նախաձեռնած՝ ընդդեմ թանկացումների երկրորդ հանրահավաք-երթին խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր ելույթում հիշեցրեց, որ ՀՀ կառավարության ղեկավարը փորձեց հիմնավորել թանկացումները և նշեց, որ ընդհանրապես 4 տոկոս գնաճը տնտեսությանն օգուտ է:
«Այսինքն` ասում է՝ ժողովո՛ւրդ ջան, այս թանկացումներն անում ենք քո համար, որովհետև դա քեզ շատ է պետք, և եթե ուրիշ երկրներում մինչև 10 տոկոս է, մեզ մոտ 2 տոկոս է։ Այնպես որ մեր նկարները տարեք, ձեր տանը փակցրեք պատին, տակը մոմ վառեք, շնորհակալ եղեք, որ որքան իմաստուն իշխանություն ունեք»,-ասաց նա և նշեց, որ իշխանությունն էլ ընդդիմությանը մեղադրում է դրանք մերժելու համար:
«Ժողովո՛ւրդ ջան, խնդիրը միայն թանկացումները չէ, այս թանկացումներով միայն մեր կյանքը ծանր դարձնելը չէ, այլ ավելի շատ գլոբալ է և վերաբերում է ՀՀ տնտեսությանը, տնտեսության կայունացմանը, այդ տնտեսության ողջ մնալուն»,-ասաց նա:
Նա անդրադարձավ արտաքին պարտքին՝ նշելով, որ երկիրը պարտք է վերցնում պարտք փակելու համար և նշեց, որ այդ պետությունը սկսում է նստել «պարտքի ասեղի վրա»:
Արամ Սարգսյանը նշեց, որ մենք փակ սահմանների պայմաններում ենք ապրում, և նույնիսկ 5-9 տարի տնտեսական աճով Հայաստանում դեռևս 30 տարի ո՛չ աղքատության, ո՛չ գործազրկության ցուցանիշները կիջնեն, իսկ արտագաղթի տեմպերով այդ ամենը աղետի կվերածվի:
«Հետևաբար մեզ նոր բան է պետք հորինել, հրաշք է պետք, այնպիսի հրաշք, ինչպիսին Սինգապուրում, Իսրայելում է: Եթե ընդհանուր նայենք ու ասենք, որ այս տնտեսությունը կով է, որը կաթ է տալիս, նրանք լրացուցիչ այդ կովից անընդհատ կաթ են ուզում և վերջնական հասցնելու են նրան, որ այդ կովը սատկի: Մենք առաջարկում ենք գնել նոր կով և բյուջեի մուտքերը ավելացնել դրանով: Տարբերակ չէ ասել, որ կուռուպցիայի դեմ մի պայքարեք, մի գողացեք, քանի որ իրենք իրենց դեմ չեն պայքարի»,-ասաց նա և նշեց, որ այնպիսի լուծում պետք է առաջարկեն, որ իշխանությունն էլ համաձայնի, և լուծումը գիտելիքն է:
Ըստ Սարգսյանի՝ իշխանությունը սպանում է ՀՀ տնտեսությունը և պարզապես վերարտադրության խնդիր է լուծում:
Ինչ վերաբերում է աջ ղեկով մեքենաների արգելքին, ապա Արամ Սարգսյանը ասաց, որ եթե արգելում են այդպիսի մեքենաները, քաղաքացին այդ գումարով ավելի հին մեքենա կգնի, որը ավելի վտանգավոր է, էկոլոգիային ավելի շատ վնաս է հասցնում, քան աջ ղեկով մեքենան: «Սա միանշանակ վնասակար է: Նման տնտեսության այս պայմաններում չի կարելի նման օրենք բերել»,-ասաց նա և նշեց, որ առաջարկել է մինչև 5 միլիոն արժողությամբ բոլոր ձախ ղեկով մեքենաների համար մաքսատուրքի գանձումը նվազեցնել։
Նրա ելույթից հետո սկսվեց երթը, որը կրկին ավարտելու են նույն տեղում։