Ալիևի` արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը ազդակ է, որ Ադրբեջանը պատրաստվում է սահմանին սադրանքների. ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը չի բացառում, որ Ադրբեջանի ընտրությունները ապրիլի տասնմեկին տեղափոխելը ազդակ է՝ ցույց տալու համար, որ Ադրբեջանը պատրաստվում է սահմանին սադրանքների: «Բացառված չէ, որ սա պատերազմի պատրաստվելուն ուղղված ինչ-որ քայլ լինի: Միգուցե նա առաջիկայում ինչ-որ սադրանքի է պատրաստվում սահմանին և փորձում է այնպես անել, որ ընտրությունները որևէ ձևով իրեն չխանգարեն: Ադրբեջանից հնչող բոլոր ելույթներում խնդրի լուծման ռազմական ուղղին երբևիցե չի հանվել օրակարգից»,-ասաց նա:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի ստորագրել է արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարելու մասին հրամանագիր, որոնք կանցկացվեն 2018 թվականի ապրիլի 11-ին»,- ասված է հրամանագրի տեքստում: Ադրբեջանում նախագահական հերթական ընտրությունները պետք է կայանային 2018 թվականի հոկտեմբերի 17-ին:
Տաթև Հայրապետյանը նկատեց, որ Ադրբեջանում դեռևս հունվարին հայտարարվել էր, որ ընտրական հանձնաժողովները պատրաստվում են ընտրություններին, այսինքն՝ գործընթացի մեկնարկը շատ շուտ էր տրվել: Նա նշեց, որ արտահերթ ընտրությունների համար որևէ պաշտոնական բացատրություն չի տրվում: «Ադրբեջանի իշխող կուսակցության ներկայացուցիչները կարծում են, որ դա միանգամայն բացատրելի է, քանի որ այս տարի սպասվում են տոնակատարություններ, բավական կարևոր իրադարձություններ, որից առաջ, ըստ նրանց, ճիշտ կլինի Ալիևը արդեն ընտրված լինի և այդ գործընթացը արագ ավարտվի: Իսկ ընդդիմադիր մի շարք գործիչներ կարծում են, որ Ալիևը երկրի ներսում լուրջ խնդիրներ ունի»,-ասաց նա:
Ադրբեջանագետը նկատեց նաև, որ Ռուսաստանում գարնանը սպասվում են ընտրություններ և Արևմուտքի ամբողջ ուշադրությունն ուղղված կլինի Ռուսաստանի ընտրություններին: Այս պարագայում Ալիևը փորձում է ինչ-որ չափով նվազեցնել իրեն ուղղված հնարավոր քննադատությունների շարքը: Ինչ վերաբերում է Հայաստանի հետ զուգահեռներ անցկացնելուն, որտեղ ապրիլին սպասվում է վարչապետի թեկնածության հստակեցում, ապա Հայաստանի ընտրությունները վաղուց հայտնի էին և որևէ ձևով այդ կապն արտահայտված չէ: «Սակայն չեմ բացառում այդ կապի գոյությունը, որ Ադրբեջանն օգտագործում է այս ժամանակահատվածը, որպեսզի առանձնահատուկ ուշադրություն չգրավի հոկտեմբերին: Բայց ժամանակաշրջանի ընտրությունն ավելի շատ պայմանավորում եմ նրանով, որ Արևմուտքը կենտրոնանալու է Ռուսաստանի վրա, և Ալիևը կկարողանա հանգիստ վերընտրվել այս անգամ յոթ տարով»,-ասաց նա:
Նա նշեց, որ, այդուհանդերձ, փոքր-ինչ տարօրինակ են արտահերթ այս ընտրությունները, որովհետև Ալիևն արդեն նախագահ է դառնալու յոթ տարով:
Արցախյան հակամարտության վրա երկու երկրում իշխանության շարունակականության անդրադարձի մասին խոսելով՝ Տաթև Հայրապետյանն ասաց, որ անցած տարի բանակցային գործընթացը, հաճախակիությունից դատելով, նպաստավոր էր, քանի որ համեմատաբար խաղաղ տարի էր: «Այսինքն՝ երբ բանակցային գործընթացը, գոնե հանդիպումների հաճախակիությունը մեծանում է, սահմանին լարվածությունը փոքր-ինչ նվազում է: Այս տարվա սկզբին էլ ԱԳ նախարարների հանդիպում տեղի ունեցավ, և ես այս գործընթացը այնքան չեմ համարում խաղաղությանը ուղղված, որքան պատերազմ չլինելուն ուղղված գործընթաց»,-ասաց նա:
Տաթև Հայրապետյանը կարծում է, որ Ալիևի այս քայլը ևս ցույց է տալիս ավտորիտարիզմի խորացում: «Այսինքն՝ նա ինչ-որ ձևով երկրի ներսում և երկրից դուրս իր բոլոր քննադատներին ցույց է տալիս, որ կվարվի այնպես, ինչպես ցանկանում է՝ ես կարող եմ նույնիսկ մի քանի ամիս առաջ տալ ընտրությունները, և որևէ մեկը որևէ կերպ չի կարող ինձ խոչընդոտել: Նա նաև ոչ մի բացատրություն չի տալիս, այլ մի օր արթնանում և ասում է, որ ընտրությունները լինելու են ապրիլին»:
Ադրբեջանագետը նշեց, որ Ալիևը, թեև հայտնի է հակահայկական հայտարարություններով, սպառնալիքներով, բայց, ամեն դեպքում, այլընտրանքային ուժերի, հնարավոր ընդդիմադիր գործիչների, անձերի տեսլականը Արցախի հարցում ավելի կոշտ է, և երբեմն նրանք քննադատում են Ալիևին իր որդեգրած քաղաքականության համար, իրականությունից կտրված ինչ-որ բաներ են առաջարկում: «Մյուս ուժերի մոտ չկա ավելի կառուցողական, փոխզիջմանն ուղղված օրակարգ, իսկ Հայաստանում կան այդպիսիք: Այսինքն՝ Հայաստանի նույնիսկ իշխանություններն ավելի շատ պատրաստ են փոխզիջումային ձևով խնդիրը կարգավորել, իսկ Ադրբեջանում Ալիևն է համարվում այդ հարցում ոչ կոշտ դիրքորոշում ունեցող նախագահ»,-ասաց նա և ավելացրեց, որ, փաստորեն, Ալիևը չարյաց փոքրագույնն է` հաշվի առնելով այնտեղ եղած այսօրվա քաղաքական դաշտը: