Սկզբունքորեն Սևանից չի կարելի ջուր վերցնել, որովհետև լիճը շատ վատ, անհավասարակշիռ վիճակում է. Ս. Մինասյան
Հայաստանի ջրամբարների՝ 25 տոկոսով լցված լինելը Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու առիթ է հանդիսանալու:
Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը՝ նկատելով, որ Սևանից հավելյալ ջուր բաց թողնելը չի հերքել նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Նա շեշտեց՝ ջրամբարների՝ միջինից ցածր լցված լինելն անհետևանք չի լինելու:
«Այն, որ ջրամբարներում ջուրը քիչ է կամ չկա, կամ միջինից ցածր է, ակնհայտորեն վատ բան է, քանի որ որևէ անգամ ջրի դեֆիցիտը լավ հետևանք չի ունեցել: Սակայն հիմա սկզբունքորեն Սևանից չի կարելի ջուր վերցնել, որովհետև լիճը շատ վատ, անհավասարակշիռ վիճակում է»,- ընդգծեց նա:
Մինասյանը նկատեց, որ պատկան մարմինները, ջրային ռեսուրսների կառավարումն ավելի լավ իրականացնելու ու դարձնելու փոխարեն, իշխանությունն ընտրել է հեշտ ճանապարհը՝ Սևանից հավելյալ ջուր վերցնելը:
Մասնագետը ջրային ռեսուրսների կառավարման համար մեկ որակող բառ ունի՝ «փնթի» կառավարում: Սեյրան Մինասյանի դիտարկմամբ՝ ժամանակն է, որ գոնե ոռոգման ցանցը վերանորոգեն, ինչը կքչացնի ջրի կորուստը:
«Ջրի կորուստները պետք է քչացնեն. չէ՞ որ ոռոգման ցանցում 80 տոկոս կորուստ ունեն, խմելու ջրի ցանցում մի քանի տասնյակ տոկոսների կորուստ ունեն. փոխանակ սա քչացնեն, Սևանից են ջուր բաց թողնում: Սա ամենահեշտ ձևն է՝ ոչինչ չանել ու միայն Սևանի «ժալյուզները» բացել, որ ջուր գնա: Բա հաջորդ սերնդին ի՞նչ պատասխան են տալու, ի՞նչ է, իրենց թվում է, որ լճին բան չի լինի: Լճի հատակի ուսումնասիրություններ կան, որոնք ցույց են տալիս, որ լիճը լավ վիճակում չէ»,- շեշտեց Մինասյանը:
Ջրային էկոհամակարգերի մասնագետը ենթադրում է, որ պատկան մարմինները կարծում են, թե Սևանա լճի փոփոխությունները կարող են շատ դանդաղ տեղի ունենալ, ինչը որևէ մեկը չի տեսնի: Սակայն Մինասյանը շեշտեց՝ Սևանա լիճն հիմա այնպիսի վիճակում է, որ փոփոխություններ կարող են լինել առաջիկա 5 տարիների ընթացքում, ինչը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:
«Սևանա լճից հավելյալ ջրի բացթողումը շատ վատ ազդեցություն կունենա: Անցյալ տարի Կառավարությունը մտավ խորհրդարան, օրենքում փոփոխություն արեցին ու 100 մլն խորանարդ մետր ջուր ավել վերցրին՝ հիմնավորելով, որ Սևանի մակարդակը 10 սմ–ով կբարձրանա: Այսօր Սևանի մակարդակը 4 սմ մինուս է, այսինքն՝ Կառավարությունը, ջրային տնտեսությունը խորհրդարանի ընդունած օրենք են խախտել. փոխանակ մեկը պատասխան տա ստի համար, այլ գործընթաց է մեկնարկում»,- ընդգծեց փորձագետը:
Սեյրան Մինասյանը նկատեց, որ տարին տեղումնառատ չի եղել, սակայն գտնում է, որ մինչև ոռոգման սեզոնը պատկերը կարող է փոխվել: Ըստ նրա՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հայտարարությունը՝ կապված ջրամբարների՝ 25 տոկոս լցված լինելու հետ, զուտ ապահովագրող էր, որպեսզի հետագայում Սևանա լճից ջուր վերցնելու առիթ լինի:
Հիշեցնենք, որ ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հայտարարել էր, որ հայկական ջրամբարների ջրի պաշարների պակասն այժմ 75 միլիոն խորանարդ մետր է կազմում: Ըստ նրա՝ այս պահին ջրամբարները 25 տոկոսով են լցված, մինչդեռ այս ցուցանիշը նշված ժամանակահատվածում արդեն 30 տոկոս պետք է կազմեր: