ՀՀ–ում ընդդիմադիր կուսակցությունները փոշիացված են, բայց պետք է ակտիվացնել հասարկությանը և հասկացնել, որ այս փուլը շանս է ՀՀԿ-ին դուրս թողնելու համար. Պ. Մակեյան
Քաղաքական միավորումները պետք է ընդունեն, որ վարչախմբի դեմ դուրս գալու բավական արդյունավետ փուլ է, հակառակ դեպքում՝ ստացվում է, որ պետք է սպասենք մինչև 2022 թ. հերթական, այսպես կոչված, «ընտրությանը» կամ «ֆորս մաժորների». Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Ըստ նրա՝ ապրիլի 9-ին խորհրդարանական համակարգի անցումից հետո քաղաքական ուժերի խնդիրն է համախմբել ընդդիմադիր հանրությանը, որը բնակչության 80-90 տոկոսն է կազմում, և այս մեկ ամսվա ընթացքում փորձել ինչ-որ բան անել:
Անդրադառնալով «Ելք» խմբակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եթե Սերժ Սարգսյանը՝ ի հեճուկս իր խոստման, այնուամենայնիվ, որոշի առաջադրվել որպես վարչապետի թեկնածու, դա կարող է կտրուկ սրել ՀՀ-ում ներքաղաքական վիճակը, Մակեյանն ասաց, թե մասամբ է համամիտ նրա հետ:
«Ինչու մասամբ, որովհետև կարծում եմ, որ եթե Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, այլ մեկ ուրիշը լինի, շատ բան չի փոխվի, այսինքն՝ միայն Սերժ Սարգսյանով չի սահմանափակվում: Խնդիրը հետևյալի մեջ է, որ ամեն ինչ արվի աոաջիկա մարտ, ապրիլ ամիսներին, որպեսզի ժողովրդին հասկացվի, որ սա շանս է, հնարավորություն է այս համակարգից դուրս գալու և Հանրապետականին դուրս թողնելու այս կառավարման համակարգից: Այսինքն՝ ավելի ընդգրկուն խնդիր պետք է դրվի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 9-ին կլրանա նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը, և երկիրը կանցնի կառավարման խորհրդարանական համակարգի: Խորհրդարանը կընտրի նոր նախագահ, ինչպես նաև կընտրվի վարչապետ, որը փաստացի կդառնա երկրի ղեկավարը:
Մակեյանը համաձայն է, որ ընդդիմությունը, որպես քաղաքական միավոր, բզկտված է: «Պետք է արձանագրենք, որ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները փոշիացված են այս հանրապետությունում, որովհետև եթե գոյություն չունի ընտրական համակարգ, չեն կարող լինել քաղաքական ուժեր, իսկ դրա հերթական վկայությունը անցյալ տարվա ապիլի 2-ի «ընտրություններն են»: Ընդդիմությունը Հայաստանում ամբողջ հասարակությունն է, որը կազմում է 80-90 տոկոս, և խնդիրը հետևյալն է, այդ 90 տոկոս ընդդիմության մի մասին դուրս բերել փողոց և պարտադրել այն քայլերը, որը անհրաժեշտ է ազատվել այս ռեժիմից»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե հաշվի չեն առնում, որ հասարակությանը դժվարությամբ է հնարավոր լինում դուրս բերել փողոց և այստեղ վստահության խնդիր կա, Պետրոս Մակեյանը նշեց. «Համամիտ եմ, խնդիրներ կան, որոնք բազմաբնույթ է, նաև այդ վստահության, պառակտվածության խնդիրը կա, և ազդակ է պետք համախմբելու համար: Բայց եթե մենք նախադեպային անդրադառնում ենք պրոցեսին, պարբերաբար ակտիվացել է հասարկությունը, հատկապես նախագահական ընտրություններից հետո: Կարծում եմ դեռևս նվազագույնը մեկ ամիս ժամանակ ունենք, և պետք է այս ընթացքում արդյունավետ աշխատենք, որովհետև ժամանակը շատ սուղ է»,-ասաց նա:
Ընդդիմադիր գործիչը նկատեց, թե նախագահի նշանակմանը հավանաբար չեն միջամտի: «Որովհետև իմաստազուրկ է, նախագահը իր ձևաչափով, նաև ներկայացված ձևաչափով ճիշտ չի, մենք սկսելու ենք պրոցեսը երբ ավարտվի Սերժ Սարգսյանի ղեկավարման ժամանակշրջանը, որը կարծես ապրիլի 9-ին է»,-ասաց նա:
