«Մարտի 1»-ի երթերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև իշխանությունը ներողություն չխնդրի ժողովրդից. Լևոն Զուրաբյան
«Մարտի 1»-ի սպանություններից անցել է 10 տարի, և Հայ ազգային կոնգրեսը ոճրագործությունների մասին ամփոփ պատմող գիրք է կազմել:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ «Մարտի 1»-ի ոճրագործության նշանակությունը չափազանց մեծ է ՀՀ-ի համար:
«Հիշենք՝ ինչ է կատարվել մարտի 1-ին. Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել էր ընտրություններում, արդյունքները կեղծել էին ու ձայները գողացել: Ժողովուրդը, խաղաղ ցույցերով վիճարկելով այդ գողությունը, ստեղծել էր մի վիճակ, որ մարտի 8-ին նշանակվել էր Սահմանադրական դատարանի նիստ: Այս վճռով շարժումն ուժեղանում էր, Ազատության հրապարակ հոսքը շատանում էր, իսկ իշխանությունն ինչ-որ պահի հասկացավ, որ ժողովուրդը խաղաղ մեթոդներով հաղթում է իրենց: Երբ հասկացան, որ պարտվել են, քանի որ ժողովրդի ճնշման պայմաններում ՍԴ-ի վճռի վրա չէին կարող ազդել, և մարտի 8-ին ՍԴ-ն առնվազն որոշելու էր ընտրության 2-րդ փուլ անցկացնել, գնացին բռնության ճանապարհով»,- ասաց նա:
Զուրաբյանը շեշտեց, որ իշխանությունն իր դիրքը պահելու միակ միջոցը տեսավ ժողովրդի վրա կրակելու մեջ: Նա գտնում է, որ «Մարտի 1»-ի դեպքերի նշանակությունը չափազանց մեծ է ՀՀ-ի համար.
«Իրականում, շատ դաժան բան եղավ, խոսքը չի վերաբերում միայն այդ օրերի ոճրագործությանը, մարդկային կյանքերի կորստին. երկրի, ազգի հոգեբանությանը ծանր «տրավմա» է եղել, որի հետևանքները մենք դեռ պետք է հասկանանք: Արտագաղթի, կոռուպցիայի այս ծավալները, տնտեսական զարգացման խոչընդոտները կապված են հենց «Մարտի 1»-ի հետ, որովհետև ժողովուրդն այդ ժամանակ հասկացավ, որ օտարվել է սեփական երկրից, ժողովուրդը զգաց, որ ինքը չէ իր երկրի տերը»,- շարունակեց Զուրաբյանը:
Նախկին պատգամավորը կարծում է, որ «Մարտի 1»-ի դատը շատ սկզբունքային է: Նա նկատեց, որ 2009 թ.-ից սկսած մարտի 1-ին ՀԱԿ-ը երթ է անցկացնում: Նա շեշտեց, որ երթերը լինելու են այնքան ժամանակ, մինչև «Մարտի 1»-ի մեղավորները, կազմակերպիչները ներողություն չխնդրեն ժողովրդից:
«Ընդ որում, կարող են ներողություն խնդրել ոչ միայն կատարող, այլև հաջորդ իշխանությունները, իսկ կազմակերպիչները պետք է կանչվեն պատասխանատվության: Միգուցե ֆանտաստիկայի ժանրից է թվում, բայց գալու է այդ օրը: Մինչև արդարադատություն չլինի, մենք լիարժեք, ազատատենչ ազգ չենք լինելու, ինչքան էլ որ ժամանակ պահանջվի, մենք գնալու ենք, հակառակ դեպքում՝ կմնանք նույն խեղճ ու կրակ ազգը, որը դարձանք «Մարտի 1»-ից հետո»,- ընդգծեց Լևոն Զուրաբյանը:
Վերջինս ավելացրեց, որ հանրահավաքի հրավեր որևէ ուժի չեն ուղարկել, քանի որ գտնում են, որ ուժը, որը կարծում է, որ «Մարտի 1»-ը պետք է դատապարտվի, կգա այդ հանրահավաքին:
«Եթե ժողովուրդ քիչ հավաքվի, ու դա տեսնի իշխանությունը, այդ ժամանակ իշխանությունն ինքն իր համար կորոշի, որ ժողովուրդը մարսել է «Մարտի 1»-ը, իսկ իրենց ստեղծած համակարգը հավերժ է, ժողովուրդն էլ կոտրված է և արժանապատվություն չունի»,- եզրափակեց Լևոն Զուրաբյանը:
Ինչ վերաբերում է մարտի 1-ի հանրահավաքին ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայությանը, Զուրաբյանն ասաց, թե ինքը չի կարող խոսել այդ մասին: