ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տվել նախկին առաջին տիկին Բարբարա Բուշին (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի եկեղեցիներից մեկում տեղի է ունեցել երկրի նախկին առաջին տիկին Բարբարա Բուշի հոգեհանգստի արարողությունը, որի ժամանակ նրա ամուսինը՝ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը, անվասայլակին նստած, դիմավորել է իրենց ցավակցությունը հայտնող հազարավոր մարդկանց:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ի սկզբանե որոշված էր, որ 93-ամյա Բուշը, որը 73 տարվա երջանիկ ամուսնական կյանք է ունեցել կնոջ հետ, չպետք է մասնակցեր արարողությանը: Սակայն վերջին պահին նա օգնականներից մեկին ասել է, որ ուզում է կնոջ կողքին լինել:
Նախկին նախագահին շատ է հուզել, որ հազարավոր մարդիկ կարողացել են ժամանակ տրամադրել ու Բարբարա Բուշին վերջին հրաժեշտը տալու համար եկեղեցի այցելել:
Հայտնի է, որ միայն հոգեհանգստի առաջին ժամում եկեղեցի է այցելել 1.600 մարդ՝ այդ թվում նաև քաղաքական գործիչներ:
Նշվում է, որ հանգուցյալի հուղարկավորության արարողությունը կկայանա այսօր՝ ապրիլի 21-ին:
Հիշեցնենք, որ Բարբարա Բուշը կյանքից հեռացել է ապրիլի 17-ին՝ 92 տարեկանում: Նա ԱՄՆ պատմության մեջ միակ կինն է, որի ամուսինն ու որդին եղել են Միացյալ Նահանգների նախագահ և որը երկուսի երդմնակալության արարողությանն էլ ներկա է եղել:
Հայտնի է, որ նախկին առաջին տիկինը տևական ժամանակ առողջական խնդիրներ է ունեցել: Օրերս նա հրաժարվել էր բուժօգնությունից՝ հայտարարելով, որ ցանկանում է կյանքի վերջին օրերն ընտանիքի հետ անցկացնել:
