Նիդեռլանդներում թուրք պաշտոնյաներին թույլ չեն տա նախընտրական քարոզարշավի շրջանակում ելույթներ ունենալ թուրքական համայնքի առաջ
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ իրենք չեն ցանկանում իրենց երկրում տեսնել թուրք պաշտոնյաների, որոնք կփորձեն երկրի տարածքում նախընտրական քարոզչություն իրականացնել տեղի թուրքական համայնքի շրջանում, հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Ռյուտեն շեշտել է, որ թուրք պաշտոնյաների՝ Նիդեռլանդներում նախընտրական քարոզարշավի շրջանակում ելույթների կազմակերպումը կարող է վտանգել տեղի հասարակական կարգը, բացի այդ՝ Նիդեռլանդները չի ցանկանում թույլ տալ իր երկրի քաղաքացի հանդիսացող թուրքերի հանդեպ ճնշման գործադրումը:
«Իրականությունն այն է, որ մեզ մոտ գործում է խոսքի ու հավաքների ազատության սկզբունքը, սակայն այն ունի իր սահմանները»,- ասել է Նիդեռլանդների վարչապետը:
Նա հավելել է, որ Թուրքիան ժողովրդավարության հարցում լուրջ խնդիրներ ունի, և այդ հարցում սխալ ուղի է բռնել: Ռյուտեն նշել է, որ մտահոգ է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Նիդեռլանդների իշխանությունները թույլ չէին տվել թուրք երկու նախարարներին՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին, ապա նաև սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Բեթուլ Սայամ Կայային հանդիպել Ռոտերդամում ապրող իրենց հայրենակիցների հետ:
