Տիգրան Մանսուրյանը կողմերին հորդորում է խնդիրը հարթել խոսքի ուժի միջոցով
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին, խնդիրը հարթելու ամենազորեղ միջոցն է համարում խոսքին և խոսքի ուժին դիմելը: Այս մասին նա ասաց «Արմենպրեսի» հետ զրույցում։
«Մեր հարևան ոսոխի հետ հարաբերվելիս՝ այս էլ քանի տարի, գերադասեցինք տեղ տալ խոսքին և ոչ թե զենքին։ Եթե ոսոխի հետ այսքան տարի կարողացանք խոսել, կարծում եմ, ինքներս մեզ հետ էլ կկարողանանք խոսել։ Պիտի՛ կարողանանք։
Ժամանակակից համաշխարհային քաղաքագիտական միտքը «կառավարելի քաոս» ձևակերպումն ունի։ Ինձ այնպես է թվում, որ մենք՝ Հայաստանում ծավալվող այսօրվա իրադարձությունների մասնակիցներս, օրեցօր խորանում ենք դեպի քաոս։ Աստված մի արասցե, հետն էլ անկառավարելիության գիրկն ընկնենք»,- ասաց Տիգրան Մանսուրյանը։
