ԱՄՆ հարվածային խումբը՝ ավիակրի գլխավորությամբ, դիրքավորվել է Միջերկրական ծովում
Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը՝ Harry Truman ավիակիր նավի գլխավորությամբ, սկսել է իրագործել առաջադրված հանձնարարությունները Միջերկրական ծովում:
Life.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հաղորդագրության մեջ: Միևնույն ժամանակ խմբի նպատակն ու առաջադրանքները չեն մատնանշվում: Հայտնի չէ նաև, թե երբ ավիացիոն հարվածային խումբը կուղղվի դեպի Պարսից ծոցի շրջան:
«Տվյալ հարվածային խմբի ներկայությունն այդ կարևոր շրջանում արտահայտում է մեր նվիրվածությունը Եվրոպայի և Աֆրիկայի անվտանգության, ազատության և բարգավաճման ապահովմանը», - հայտարարել է փոխծովակալ Լիզա Ֆրանքեթին, որը ղեկավարում է իտալական Նեապոլում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմը:
Հիշեցնենք, որ ամերիկյան ռազմածովային ուժերի նավերի քանակը Միջերկրական ծովում ավելացել է Սիրիայում տիրող իրավիճակի սրման ֆոնին, որը պայմանավորված է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի իրականացրած ավիահարվածներով:
